STYLEBeauty. հմայքի գաղտնիքներ՝ դերասանուհի Անի Լուպեից (ֆոտո)

19:05   10 փետրվարի, 2023

Դերասանուհի Անի Լուպեն բավական ակտիվ է սոցցանցերում, որտեղ, պարբերաբար, կիսվում է նոր լուսանկարներով: Ֆոտոշարքերում 38-ամյա դերասանուհին աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ ֆիզիկական տվյալներով, այլեւ թարմ մաշկով ու հմայիչ ժպիտով: STYLE-Beauty խորագրի ներքո NEWS.am STYLE-ը փորձել է պարզել՝ որն է դերասանուհու հմայքի գաղտնիքն ու ինչ միջոցներով է խնամում իր մաշկը:

Անին չկարողացավ մտաբերել, թե երբվանից է սկսել զբաղվել մաշկի խնամքով,-«Միայն հիշում եմ, որ երբ չկային շատ գեղեցկության սրահներ եւ դեմքի խնամքի համար նախատեսված նյութերն այսքան տարածված չէին, տանը ելակով, վարունգով ու բանանով դիմակ էի պատրաստում եւ դնում դեմքիս»,-պատմում է դերասանուհին:

329466784_1352042582249605_4228046425141272613_n.jpg (298 KB)

Կախված եղանակից՝ Լուպեն խնամքի տարբեր միջոցներ է նախընտրում, նշում  է, որ ամենասիրելի ձեւը դեմքի մերսումն է:

«Աշխատում եմ հասցնել խնամքիս ժամանակ տրամադրել, բայց իմ աշխատանքային գրաֆիկն այնպիսին է, որ երբեմն չի հաջողվում դա անել, ավելի ճիշտ՝ ալարում եմ»,-խոստովանում է նա:

Անին խորհուրդ չի տալիս ինքնուրույն մտածել դեմքը խնամելու դիմակների բաղադրատոմսեր,-«Ինքս չունեմ նման բաղադրատոմսեր, որովհետեւ այն, ինչ վերաբերում է դեմքիս մաշկին, ես վստահում եմ միայն պրոֆեսիոնալ մասնագետներին: Իմ կողմից մարդկանց խորհուրդ տալը սխալ կլինի, որովհետեւ յուրաքանչյուրի մաշկը տարբեր է․ կարող եմ ասել, որ ես՝ ինքս, խոնավեցնող կրեմներ եմ հաճախ օգտագործում»:

329574862_711712920648058_7854558529816196125_n.jpg (311 KB)

«Ազիզյանները» սիթքոմից եւ թատրոնի բեմից հայտնի դերասանուհին կարծում է՝ ճանաչված լինես, թե ոչ, խնամված լինելը կարեւոր է: Նա նաեւ դեմ չէ որոշակի միջամտություններին.

«Եթե կարիք լինում է, այո, փոքրիկ միջամտություններ անում եմ, բայց՝ ոչ հաճախ: Դա անում եմ միայն մասնագետի խորհրդով»:

329838498_720377562864016_270581653375734135_n.jpg (288 KB)

Տանից չշպարված դուրս գալու բարդույթ դերասանուհին չունի,-«Եթե հնարավոր լիներ, երբեք չէի շպարվի», -ասում է նա,-«Պարզապես, աշխատանքի բերումով չի ստացվում: Բայց չշպարվելու հետ կապված ոչ մի բարդույթ չունեմ: Սիրում եմ ինձ այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել»:

Անկեղծ լինել՝ առաջին հերթին ինքդ քո հետ, հետո՝ մնացածի՝ սա է, ըստ Անիի, իր հմայքի իրական գաղտնիքը:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անի Լուպեի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE