«Լսիր»․ Արամ mp3-ի նոր տեսահոլովակը՝ կնոջ եւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ

15:11   11 փետրվարի, 2023

Արամ mp3-ն այսօր իր երաժշտության երկրպագուներին ուրախացրել է նոր տեսահոլովակով։ Երգիչն անդրադարձել է իր «Լսիր» երգին, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Կարեն եւ Սեւակ դուետը։

Երգչի նոր երգը լիրիկական ոճում է, այն ուղեկցվում է երաժիշտների նվագակցությամբ։ Տեսահոլովակը տաք գույների մեջ է։ Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը հետաքրքիր լուծում է գտել՝ այնտեղ ներառելով նաեւ երգչի կնոջը, ընկերներին ու հայկական շոոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսին։ Կադրերում, օրինակ, երեւում են երգի հեղինակ Ավետ Բարսեղյանը, դիզայներ Դիանա Շատվերյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլիթ Թոխատյանը, ռեժիսորի կինը՝ երգչուհի Լյուսին, բլոգեր Մարիաննա Վարդանյանը եւ հենց ինքը՝ ռեժիսորը։ 

Արամ mp3-ը տեսահոլովակում հավատարիմ է իր ոճին։ Երգիչը կրում է ընդհանուր գունային գամմային համահունչ հագուստ՝ կանաչ վերնաշապիկ, նույն երանգի մեջ տաբատ, կաշվե ժիլետ։ Կերպարն ամբողջացնում են կախազարդերը։ Արամի look-ի շուրջ աշխատել է դիզայներ Դիանա Շատվերյանը։ 

Տեսահոլովակը ալիքում տեղադրվել է 4 ժա առաջ եւ այս պահի դրությամբ YouTube-ում ունի մոտ 9000  դիտում։



© NEWS.am STYLE