Wine Story. լատվիացի Ռայմոնդս Թոմսոնսը դարձել է 2023 թվականի աշխարհի լավագույն սոմելյեն

12:21   13 փետրվարի, 2023

2023 թվականի աշխարհի լավագույն սոմելյե է ճանաչվել լատվիացի Ռայմոնդս Թոմսոնսը։ Հաղթողի անունը հայտարարվել է նախօրեին կայացած 4000 գինու մասնագետների եւ սիրահարների հանդիպման ժամանակ: Այն տեղի է ունեցել Paris La Défense Arena-յում։

Երկրորդ տեղում դանիացի Նինա Յենսենն է, իսկ երրորդը՝ հոնկոնգցի Ռիզ Չոյը՝ դառնալով եզրափակիչ չինացի առաջին թեկնածուն։ Այս մասին հայտնում է Vino Joy-ը։

Մրցույթը մեծ ուշադրություն է գրավել գինու եւ հյուրընկալության ոլորտում: Եզրափակիչը ուղիղ եթերով հեռարձակվել է կիրակի օրը եւ ASI-ի Youtube-ի պաշտոնական ալիքով դիտել է ավելի քան 33,000 մարդ:

Եզրափակիչ երեք մասնակիցները, որոնք ընտրվել էին կիսաեզրափակիչի 17 մասնակիցներից, փայլել են տարբեր առաջադրանքներից հետո, որոնք ստուգում էին սոմելյեի գիտելիքները, համտեսելու հմտությունները, ծառայության խորաթափանցությունը եւ ճնշման տակ հանգստություն պահպանելու ունակությունը:

Այս տարի աշխարհի լավագույն սոմելյեի կոչման համար պայքարել են 68 մասնակից, որոնք եղել են 65 երկրներից։ ASI World's Best Sommelier մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է առաջադրվի ASI անդամ ասոցիացիայի կողմից: Մասնակիցները նաեւ լրացուցիչ մրցույթ են անցնում ASI-ի պաշտոնական լեզուներից մեկով` անգլերենով, ֆրանսերենով կամ իսպաներենով: Բացի այդ, լեզուն, որով նրանք ընտրել են մրցելու համար, չպետք է լինի իրենց առաջին լեզուն:



© NEWS.am STYLE