«Հավերժության գրկում ես քեզ գրկում եմ»․ պրեմիերա՝ Հայկո-«Սիրելիս»

12:09   14 փետրվարի, 2023

Հայկական ռոմանսների սիրելի արտիստը՝ Հայկոն, շարունակում է հնչել նոր երգերով ու հուզել կարոտած երկրպագուներին։ «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը ներկայացրել է երգչի «Սիրելիս» երգը, որն արդեն հասանելի է Հայկոյի յութուբյան ալիքում։ Երգի խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, երաժշտությունը՝ Հայկոյի։ Այն գրվել է 2021 թ-ին։

«․..Նրա սիրուց հետո մի մեծ անդունդ է մնացել, բայց, կարծես, նաեւ մի մեծ տիեզերք է բացվել սիրելու համար...»,-գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Հայկոյի «Սիրելիս» երգը լիրիկական ստեղծագործություն է, որն այնքան հատուկ է երգչի երգացանկին։ «Դու կաս ու կլինես»՝ YouTube-ում հրապարակված երգի ներքո մեկնաբանել են երգչի երկրպագուները։

Ավելի վաղ, «Հայկո Հակոբյան» հիմնադրամը հրապարակել էր Հայկոյի երգերից եւս մեկը․ այն կոչվում է «Կյանքով»։ Ստեղծագործության հեղինակները կրկին Հայկոն ու Րաֆֆի Ալթունյանն են։ Այն YouTube-ում տեղադրվել էր փետրվարի 8-ին, եւ արդեն ունի մոտ 55 հազար դիտում։

Նշենք, որ Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու եւ հանրայնացնելու նպատակով ստեղծվել է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որը հանդիսանում է նրա ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը։ Այն հետեւելու է Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։



© NEWS.am STYLE