«Ո՞վ է իրական թշնամին»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը՝ ադրբեջանական ագրեսիայի ու հայերի միասնականության բացակայության մասին

14:25   16 փետրվարի, 2023

«Ո՞վ է իրական թշնամին»՝ Instagram-ում հրապարակած իր նոր հոլովակում հարցնում է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը։ Օրկյանը, որը, պարբերաբար, անդրադառնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ու Արցախին ուղղված ագրեսիվ գործողություններին, այս անգամ խոսել է հայերի  միասնականության բացակայության մասին, ինչից, ըստ շոումենի, լավ տեղյակ են նաեւ մեր թշնամիները։ 

«Աշխարհը գրում է Թուրքիայում եւ Սիրայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, իսկ UNICEF-ը մարդասիրական արշավ է սկսել՝ իր ցավակցությունը արտահայտելով այն հազարավոր անմեղ կյանքերի համար, որոնք ընդհատվեցին դրա հետեւանքով»,-ասում է Օրկյանը՝ ներկայացնելով նաեւ Ադրբեջանի կողմից Արցախում շարունակվող գործողությունները, որոնք ոչ մի քննադատության չեն արժանանում․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)



«Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է այս ճգնաժամի վրա, Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, որով կարող են սնունդ եւ դեղորայք փոխանցել 120 հազար հայերի, որոնց էթնիկապես ցանկանում են բնաջնջել այդ բարբարոս դիկտատորները։ Բայց սա ամենը չէ․ Ալիեւը նաեւ հրամայել է դադարեցնել գազամատակարարումը Արցախում, այն էլ՝ այս խիստ ցուրտ ամիսներին։ Նպատակն ավելի շատ հայերի սպանելն է։ Մինչ այս ամենը կատարվում է, եւ ոչ մի լուսաբանում չի տրվում այս սարսափելի գործողությունների մասին, մեր ժողովուրդը մեկը մյուսի դեմ է պայքարում։ Փոխանակ լինենք միասնական, շատերդ վատ մեկնաբանություններ եք թողնում իմ սոցիալական էջերում։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչն է Հայաստանի իրական թշնամին՝ մեր միասնականության բացակայությո՞ւնը, թե՞ այն, ինչ գիտեն մեր հարեւանները այդ միասնականության բացակայության մասին»։

«Որքանով ես եմ տեղյակ, Հայաստանում միշտ եղել է «մասնատվածություն», միասնականության բացակայւթյուն։ Ահա, թե որտեղ է թաքնված խնդիրը»,-գրել է հետեւորդներից մեկը։ 

Մեկ այլ օգտատեր շնորհակալություն է հայտնել շոումենին թեմային անդրադառնալու համար,-«Աստված օրհնի Ձեզ, որ խոսում եք այս թեմայից։ Ցանկացած ժամանակահատվածում հենց մեր միասնականության պակասն է թույլ տվել թշնամուն գրավել մեր հողերը․․․»,-գրել է նա։

Ավելի վաղ Գեւ Օրկյանը իր էջում հրապարակում էր արել՝ իր աղոթքներն ուղղելով Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ Հրապարակման ներքո շատերը հիշեցրել էին, թե ինչպես էին թուրքերը ուրախանում Սպիտակի երկրաշարժից հետո։ Ոմանք էլ հորդորել՝ ավելի լավ է կենտրոնանք մեր երկրի խնդիրների վրա։



© NEWS.am STYLE