Ինչպես են MSCHF-ի չափազանց մեծ, ծիծաղելի, կարմիր երկարաճիտները խենթացնում նորաձեւության սիրահարներին

21:10   16 փետրվարի, 2023

MSCHF արտ-կոլեկտիվի կողմից ստեղծված հսկայական կարմիր երկարաճիտ կոշիկները խենթացրել են սոցիալական ցանցերը։ Վիրուսային դարձած ծիծաղելի կոշիկներից անհնար է թաքնվել։

1-1.jpg (97 KB)

Ինֆլուենսերները դրանք ոճավորել են Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա համար: Եվ դրանք դարձան մեմեր ստեղծելու անսահման հնարավորությունների հերոսները։ MSCHF արտ-կոլեկտիվը ստեղծել է կատակերգական մեծ չափսերով կարմիր կոշիկներ՝ ոգեշնչված մուլտհերոս Astro Boy-ից:

Բրենդը նախկինում նման հնարքներ արդեն արել է։ Օրինակ՝ Lil Nas X-ի հետ ստեղծել է Nike-ի կեղծ՝ «Satan Shoe» եւ պատռել է Hermès Birkin շքեղ պայուսակները, որպեսզի «Birkinstocks» կոչվող սանդալներ ստանան։ Կարմիր գույնի մեծ երկարաճիտները վիրուսային կոշիկների նրանց վերջին փորձն է։

Ծիծաղելի կոշիկները պաշտոնապես կհայտնվեն MSCHF-ի կայքում փետրվարի 16-ին: Չնայած 350 դոլար գնին, ապրանքն արդեն դարձել է սոցիալական մեդիայի գլխավոր հերոսը: #Bigredboots-ը TikTok-ում չորեքշաբթի օրվա դրությամբ ունի 25,8 միլիոն դիտում։ «Ես մղձավանջ տեսա։ Ինձ հետեւում էին այս մեծ կարմիր կոշիկները», - գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Համաճարակի պայմաններում տարիներ շարունակ գործնական հագուստից հետո նորաձեւությունը կարծես թե մտնում է իր անմիտ դարաշրջանը: Վերջերս «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ Հարի Սթայլսը կրում էր EgonLab նոր ապրանքանիշի շլացուցիչ կոմբինեզոնը: Տասը օր առաջ Dodja Cat-ը նստած էր Փարիզում Viktor and Rolf-ի կուտյուրային ցուցադրության առաջին շարքում (որը ներկայացնում էր գլխիվայր շրջված զգեստներ) թարթիչների երկարացումից պատրաստված ինքնաշեն բեղերով: Իսկ Միլանում տղամարդկանց հագուստի ցուցադրության ժամանակ բրիտանական JW Anderson լեյբլը միավորվել է Wellipets ապրանքանիշի կոշիկների հետ՝ ստեղծելով գորտի դեմքով մյուլիներ, նշում է CNN-ը:

MSCHF-ը հաճախ հակասում է կոնվենցիային՝ հնարքներ անելով կամ թողարկելով տեսությանը հակասող իրեր: Բայց, այս դեպքում, Big Red Shoes-ը թափ է հավաքում:



© NEWS.am STYLE