STYLE Beauty. «Մաշկիս խնամքին ավելի քիչ եմ հետեւում, քան պետք է»․ Օլյա Հակոբյան

21:38   16 փետրվարի, 2023

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նշում է՝ մաշկի խնամքով ընդամենը մի քանի տարի առաջ է սկսել զբաղվել, եւ չնայած հայտնի դեմք ունենալուն, տանել չի կարողանում շպարված լինելը։ 

«Ընդհանրապես չեմ հետեւել մաշկիս խնամքին տեւական ժամանակ, չնայած՝ աշխատանքի բերումով պետք էր ավելի շուտ սկսել։ Մոտավորապես՝ 6-7 տարի առաջ եմ սկսել ուշադրության դարձնել այդ ամենին»,-NEWS.am STYLE-ի STYLE Beauty խորագրում նշում է 34-ամյա դերասանուհին։

279650907_5411214575596089_3812195680472325736_n.jpg (62 KB)

«Խնամք ասվածն ինձ մոտ եզրափակվում է ընդամենը առավոտյան եւ երեկոյան խոնավեցնող քսուքի օգտագործմամբ։ Եթե նկարահանման եմ լինում, բնականաբար, շպարը մաքրելուց հետո եմ սկսում իրականացնել խնամքը, իսկ եթե ոչ, պարզապես, լվացվում եմ։ Նախընտրում եմ  La Roche, Estee Lauder, Elizabeth Arden եւ Shiseido բրենդների միջոցները»։

Օլյայի խոսքով՝ թեեւ հայտնի լինելը պարտավորեցնում է միշտ լինել խնամված, հաճախ ժամանակի բերումով աչքաթող է անում մաշկի խնամքը․

91969751_3725967690778690_2839509089631862784_n.jpg (163 KB)

«Նաեւ բնավորության հարց է։ Երբեք այդպես ինքս ինձ վրա կենտրոնացած չեմ եղել, այդ պատճառով էլ այդ ամենով ավելի քիչ եմ զբաղվում, քան պետք է»,-ասում է դերասանուհին,-«Որոշ պրոցեդուրաների երբեմն գնում եմ, բայց դրանք այնպիսի միջամտություններ են, որոնք անում է յուրաքանչյուր կին»։

Հմայիչ արտաքինով աչքի ընկնող դերասանուհին նշում է՝ առօրյայում իրեն կարող են հաճախ տեսնել առանց դիմահարդարման։

278390257_5342434089140805_6977559403548502704_n.jpg (865 KB)

«Ես առանց շպարի ամեն օր դուրս եմ գալիս փողոց, հանդիպումների։ Առհասարակ, շատ խիստ անհրաժեշտության դեպքում եմ միայն շպարվում։ Եթե ինձ տեսնում են դիմահարդարմամբ, նշանակում է՝ աշխատանքի մեջ եմ, իսկ, առհասարակ, տանել չեմ կարողանում այդ գործընթացը, չեմ սիրում ժամանակ ծախսել դրա վրա»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE