«Չափազանց գեղեցիկ ու թեթեւ»․ «Մեր տան իտեւ» ժողովրդական երգը՝ Authentic Light Orchestra-ի ջազային մատուցմամբ

16:15   16 փետրվարի, 2023

Միջազգային ճանաչում վայելող Authentic Light Orchestra խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել հայերենով։ Համույթն անդրադարձել է «Մեր տան իտեւ» հայկական ժողովրդական երգին։ Խմբի երաժշտական պրոդյուսերը կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է, վոկալիստը Վերոնիկա Սթոլդերն է։ Կազմում ընդգրկված են նաեւ Արկադի Շիլկլոպերը, Եվգենի Լեբեդեւը, Թոմաս Տավանոն, Ֆրանց Հելմյուլերը, Փիթեր Սոմոսը եւ Սաշա Մաշինը։

Հայկական ժողովրդական երգը խումբը մատուցել է ջազային էլեմենտներով, տեսահոլովակը սեւ ու սպիտակ գույների մեջ է․ այն նկարահանված է երաժշտական ստուդիայում, պարբերաբար ցուցադրում է բնապատկերներ։ 

«Աննկարագրելի գեղեցիկ է», «Շատ թեթեւ երաժշտություն»,-մեկնաբանել են YouTube-ում։

Սա համույթի կատարմամբ առաջին հայկական երգը չէ։ Նրանք նաեւ անդրադարձել են «Մոկած հարսներ» հայտնի ստեղծագործությանը։

 

Խմբի երաժշտական պրոդյուսեր Վալերի Տոլստովը ծնվել է Հայաստանում։ Նա հաճախ է իր սերն արտահայտում Հայաստանի ու հայկական երաժշտության հանդեպ։

«Կարծում եմ՝ հայերենն աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից է, եթե, իհարկե, կարողանաք դրան լավ ու կիրթ տիրապետել։ Այն անկեղծ հիացմունքի է արժանի»,-Armmuseum.ru-ին տված հարցազրույցում նշել է երաժիշտը։



© NEWS.am STYLE