«Իմ գործերի դատավորը ժամանակն է». լուսանկարիչ Սարգիս Վիրաբյան

19:19   11 դեկտեմբերի, 2013

«Հայ արտ» մշակութային կենտրոնում նախօրեին իրենց աշխատանքներն են ներկայացրել լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի ուսանողները: Glossarium խորագիրը կրող ցուցահանդեսին 18 սկսնակ լուսանկարիչներ ներկայացրել են տարբեր ոճի 5-ական լուսանկար` դիմանկար, բնանկար, վավերագրական լուսանկար, նատյուրմորտ: Սարգիս Վիրաբյանն արդեն 11-րդ անգամ է կազմակերպում իր սաների աշխատանքների ցուցահանդեսը: Դրանք Հայաստանում խթանում են լուսանկարչություն արվեստի զարգացումը:  Ըստ նրա, այսօր՝ թվային դարում, բոլորը համացանցով են լուսանկարներ դիտում, սակայն ցուցահանդեսներն իրենց դիրքերը չեն զիջում:

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը NEWS.am STYLE-տված հարցազրույցի ընթացքում բացահայտել է, թե ինչու են հայ աղջիկները մերկանում նրա ֆոտոխցիկի առջեւ կամ ինչու չի լուսանկարում տղամարկանց, ինչպես նաեւ պատմել Glossarium ցուցահանդեսի մասին:

Սարգիս, նախ պարզենք, թե ի՞նչ է նշանակում «Նուդարտ»:

Բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է նուդ՝ մերկ եւ արտ՝ արվեստ: Հայերենում դեռեւս համարժեք բառ չկա եւ հայ լուսանկարիչներս այլ ձեւակերպում ենք նախընտրում: «Նուդարտ»-ն էրոտիկա չէ, բայց համապատասխան տարրեր պարունակում է: Իսկ «Արտ նյու»-ն արվեստին ավելի մոտ է եւ այլ կերպ կոչվում է մարմնի էսթետիկա:

Սկզբնական շրջանում չէի՞ք վախենում արձագանքներից:

Սկզբնական փուլում ես էի ընտրում իմ լուսանկարների հանդիսատեսին եւ, բնականաբար, արձագանքը դրական էր, քանզի ցույց էի տալիս այնպիսի մարդկանց, որոնք գիտեին արվեստի այս տեսակի մասին: Սակայն երբ ցանկացա ցուցահանդեսով հանդես գալ, չթույլատրեցին եւ նկարներս իջեցրին պատից: 

Մրցակիցներ ունե՞ք:

Ես մրցակցության խնդիր չեմ տեսնում, քանի որ ես առաջինը չեմ, ով ներկայացնում է լուսանկարչության այս ուղղությունը: Ես առհասարակ չեմ մրցակցում հայկական շուկայում, ավելի շատ հետաքրքրվում եմ արտասահմանյան շուկայով:

Դժվա՞ր է այս ժանրում աշխատելը:

Նյու ոճով աշխատելն ինձ համար միշտ էլ դժվար է եղել:

Ա՞յս ոճն է հարազատ, թե՞ ընդհանրապես լուսանկարչի աշխատանքը:

Ես առավել սիրում եմ, երբ լուսանկարում եմ փողոցում քայլող մարդկանց: Ի դեպ, բոլոր մրցանակներս ստացել եմ այդ թեմայով: Հուսով եմ՝ մի օր կթողնեմ Նյուն ու կաշխատեմ իմ սիրելի ոճով:

Ո՞ւմ եք լուսանկարում:

Արդեն մի քանի տարի զբաղվում եմ այս աշխատանքով եւ միայն վերջերս եմ սկսել լուսանկարել օտարազգի աղջիկների: Իմ բնորդուհիների 90 տոկոսը հայուհիներ են, եւ նրանց հետ աշխատելն անհամեմատ հեշտ է:

Հայ աղջիկներին ի՞նչն է դրդում մերկանալ ֆոտոխցիկի առջեւ:

Չգիտեմ եւ երբեք չեմ հարցրել (ժպտում է): Ես գիտեմ ինչի համար եմ լուսանկարում, եւ այդ ինձ բավական է: 

Ձեր իսկ աչքերով, Ձեր լուսանկարներում արվե՞ստ է ներկայացված:

Ո՛չ: Միայն ժամանակը կարող է այդ որոշել: Ես ձգտում եմ, որ իմ աշխատանքները լինեն արվեստ, բայց կլինե՞ն արդյոք՝ ցույց կտա ժամանակը: 

Ինչո՞վ եք առաջնորդվում մոդելներին ընտրելիս:

Անպայման պետք է ճանաչեմ նրանց: Ծանոթանալուց հետո մի քանի ժամ շփվում ենք, մտքեր փոխանակում ու որոշում՝ կաշխատենք միասին, թե` ոչ: Պատահել է, որ հրաժարվել եմ լուսանկարել, թեպետ գեղեցիկ կառուցվածք է ունեցել աղջիկը:

Հարց է ծագում, իսկ ո՞ւմ երբեք չեք լուսանկարի:

Չեմ կարող ասել:

Աղջիկները մերկանալիս ամաչո՞ւմ են:

Շատերն ասում են, որ ինձ մոտ իրենց անհարմար չեն զգում, ինչն ինձ համար շատ հաճելի է: Հոգեբանների կարծիքով, այդ նրանից է, որ ես վստահության դաշտ եմ ստեղծում: 

Իսկ դուք ամաչո՞ւմ եք:

Ոչ, թեեւ կուզեի ամաչել (ծիծաղում է): Իմ աշխատանքի շնորհիվ ես հիմա բարդույթներ չունեմ: Աղջիկներն անկաշկանդ անկեղծանում են ինձ հետ, եւ ես նրանց մասին գիտեմ ավելին, քան կցանկանայի:

Երբեւէ սիրահարվե՞լ եք Ձեր մոդելներից որեւէ մեկին:

Մեկ անգամ շատ լուրջ սիրահարվել էի, բայց ոչինչ չստացվեց:

Իսկ տղաների կլուսանկարե՞ք:

Թեեւ համաշխարհային լուսանկարչության պատմությունը ցույց է տալիս, որ Նյու ոճով աշխատող տղամարդիկ համասեռամոլ են, բայց, անկախ ամեն ինչից, ինձ երբեք չի հետաքրքրել տղամարդու մարմինը:

Որո՞նք են Ձեր գույները:

Հիմնականում սեւ ու սպիտակով եմ աշխատում. դրանք դասական գույներ են: Աշխատում եմ նաեւ կարմիր գույնով, բայց այնքան էլ չեմ սիրում:

Տեսախցիկը բոլորի մարմիններն է սիրո՞ւմ:

Երբեք չեմ մտածել… բայց եթե մարդը կարողանում է ազատ շարժվել տեսախցիկի առջեւ, ապա ֆոտոգենիկ է:

Փողոցում քայլելիս, երեւի, շատ աղջիկների եք հայացքով մերկացնում...

Աղջիկներին, իրոք, չեմ կարող պարզապես նայել: Ցանկացած աղջկա հետ շփվելիս կամ տեսնելիս, ակամա նրա մարմնի կառուցվածքն եմ ուսումնասիրում:

Զրուցեց Նարե Մովսիսյանը



© NEWS.am STYLE