Նոր նշանակում Louis Vuitton-ում. ի՞նչ սպասել

21:20   18 փետրվարի, 2023

LVMH-ը հայտարարել է, որ նոր կրեատիվ տնօրեն ունի. հանգուցյալ Վիրջիլ Աբլոյին կփոխարինի Ֆարել Ուիլյամսը։ Հայտնի երգիչը այսուհետ նորաձեւության ամենահին տներից մեկում կաշխատի տղամարդկանց հավաքածուների ստեղծման շուրջ։ Այս նշանակումը, մեղմ ասած, անսպասելի է, բայց, չի բացառվում, որ արդարացված լինի:

Ներկա իրականության մեջ կրատիվը սահմաններ չունի։ Սա արդեն պարզ էր Աբլոյի օրինակով՝ նկարիչ, ճարտարապետ, ինժեներ, դիջեյ․ Վիրջիլը աշխատում էր ամենատարբեր ուղղություններով։ Այդպիսին է նաեւ Ֆարելը, ով հայտնիություն է ձեռք բերել երաժշտության միջոցով, բայց  նաեւ ամրապնդել է իր դիրքը նորաձեւության աշխարհում: Այդ մասին է վկայում նրա CFDA Fashion Icon Award մրցանակը, որը երգչին հանձնել է Քանյե Ուեսթը։

Ֆարելի համագործակցությունների մեջ կարող ենք ներառել շքեղ հագուստի ապրանքանիշները, աքսեսուարների բրենդներն ու կոսմետիկայի ընկերությունները: Առավել հայտնի են նրա համագործակցությունները Chanel-ի եւ Louis Vuitton-ի հետ: Ի դեպ, վերջինի հետ արտիստն «ընկերական հարաբերություններ ունի» սկսած 2008 թվականից։

virgil-abloh-LVMH-1240x698.png (599 KB)

Ուիլյամսի ձեռքբերումները ստեղծագործական ոլորտում շատ են: Նա համարվում է ոչ միայն գաղափարներ գեներացնող մարդ, այլեւ մեդիա ոլորտի ազդեցիկ անձ։ Նրա հետեւորդների թիվն ահռելի է․ միայն Instagram-ում երգչի լսարանը հասնում է 14 միլիոնի։

Նոր ստեղծագործական տնօրենի առաջին հավաքածուն կներկայացվի այս տարվա հուլիսին։ Ի՞նչ սպասել: Բում հաստատ կլինի։ Դրախտ՝ վերավաճառողների եւ կոլեկցիոներների համար, ովքեր որոշ ժամանակ անց կցանկանան վաճառել ընկերությունը 10 անգամ բարձր գնով:

Ոճային առումով, ամենայն հավանականությամբ, ինչ-որ վառ բան կլինի։ Ֆարելը չի ​​վախենում գույների եւ ձեւերի հետ փորձարկումներից։ Բայց կարո՞ղ է, արդյոք,  նա նոր շրջադարձով կյանքի կոչել ֆրանսիական նորաձեւության տան դարավոր ժառանգությունը, հատկապես՝ նորաձեւության աշխարհի եւ Առնո ընտանիքի ճնշման տակ։

Դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ գերաստղից նա պետք է վերածվի սովորական դիզայների՝ կարեւոր մեկի, որը ստեղծում ու թելադրում է համաշխարհային միտումներ։ Պետք է հասկանալ նաեւ, որ բացի մեդիա բումից, որը նրան, գուցե, հեշտ է տրվում, նա ստիպված կլինի նաեւ մտածել նորարարական դիզայն։ Իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի:

Լուսանկարները՝ Stephane Cardinale - Corbis/Getty Images, Shutterstock



© NEWS.am STYLE