Նոր Սոֆի, թարմ ռիթմեր, գույներ ու աջակցություն՝ Բրյունետին․ Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Ամենա» երգի տեսահոլովակը

19:02   18 փետրվարի, 2023

Նոր ռիթմեր ու ոճային գլխապտույտ փոփոխություն Սոֆի Մխեյանից։ Երգչուհին րոպեներ առաջ երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը՝ «Ամենա» երգի հիման վրա։ 

Այն, որ նորություն է պատրաստում, երգչուհին ակնարկել էր դեռեւս օրեր առաջ՝ Instagram-ում տեղադրելով իր ոճային փոփոխության մասին փաստող մի լուսանկար։ Անակնկալն, իսկապես, ստացվեց։ Տեսահոլովակում Սոֆիին կտեսնեք մի քանի տարբեր կերպարով։ Երգչուհին չի վախեցել սպորտային ոճը համադրել գլամուրային բարձրակրունկներով ու վառ աքսեսուարներով. նա, նույնիսկ, աջակցել է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետին, որի նկարով շապիկը եւս շեշտված է հոլովակում։

326033288_923095332022940_2292533463575856880_n.jpg (96 KB)

«Ամենա» երգի հեղինակն Արտակ Հայրապետյանն է, տեսահոլովակը նկարահանել է Դավ Էկոբսը։ 38-ամյա երգչուհու կերպարները վստահվել են ոճաբան Մանուկ Ալեքսանյանին, դիմահարդար Հրանուշ Եղոյանին եւ վարսահարդար Անի Ավդալյանին։

«Այս անգամ որոշել եմ ձեզ ներկայանալ ԱՄԵՆԱանսովոր, ԱՄԵՆԱտարբերվող, նոր ոճային կերպարով ու նոր երգով: Հուսով եմ՝ կհավանեք այն, ու երգը տեղ կգտնի ձեր փլեյլիսթում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոֆին։

Երկրպագուները, կարծես, գնահատել են երգչուհու թարմ look-երն ու հիշվող ռիթմերը։ «Հրաշալի աշխատանք է՝ գեղեցիկ տեսահոլովակ եւ հմայիչ Սոֆի», «Դզեց, շատ նոր ոճ էր»,-գրել են մեկնաբանությունների բաժնում։  



© NEWS.am STYLE