Արա Գյուլերի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի

17:33   19 փետրվարի, 2023

Կենսագրական ֆիլմ կնկարահանվի հայազգի ամենահայտնի թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին, որն աշխարհում հայտնի է 20-րդ դարի սրբապատկերների իր դիմանկարներով՝ Պաբլո Պիկասոյից մինչեւ Ուինսթոն Չերչիլ։ Ըստ Variety-ի, ֆիլմի ռեժիսորներն են Արեն Պերդեչին եւ Էլա Ալմայանակը:

Գյուլերը երկար տարիներ աշխատել է Magnum լուսանկարչական գործակալությունում, այն բանից հետո, երբ նրա համահիմնադիր, հայտնի լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսսոնն անձամբ վերցրեց նրան իր թեւի տակ։

Ի լրումն 20-րդ դարի նշանավոր դեմքերի փաստագրման, Գյուլերը, ով մահացել է 2018 թվականին, հայտնի դարձավ Ստամբուլի իր նկարներով՝ վաստակելով «Ստամբուլի աչքը» մականունը։ Նա երկարաժամկետ համագործակցություն է հաստատել Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի հետ։

Գյուլերի լուսանկարները ներառվել են Փամուկի 2003 թվականին «Ստամբուլ. հիշողություններ եւ քաղաք» գրքում:

Ըստ ռեժիսորների՝ Panavision-ը պատրաստվում է վերափոխել Գյուլերին պատկանող ոսպնյակները՝ կենսագրական ֆիլմ արտադրելու համար։

Թուրքական Dogus կորպորացիան, որին պատկանում են Արա Գյուլերի արխիվային հետազոտական ​​կենտրոնը եւ Արա Գյուլերի թանգարանը, Բեռլինի եվրոպական կինոշուկայում պոտենցիալ գործընկերներին ներկայացնում է թուրքական Kara Kedi Film ընկերության կենսագրական նախագիծը։

Պերդեչիի եւ Ալմայանակի «Կորած թռչունները» ֆիլմը, որը նկարահանվել է 2016 թվականին, Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմն է, որը ցույց է տալիս 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած զանգվածային տեղահանությունները եւ Հայոց ցեղասպանությունը։

Հայկական ծագում ունեցող կինոգործիչները նրա մահից մեկ տարի առաջ մտերիմ հարաբերություններ են հաստատել Գյուլերի հետ եւ աշխատել՝ նրա կյանքի պատմությունը վերածելու «Բարեւ» աշխատանքային վերնագրով ֆիլմի սցենարի։

Թեեւ ֆիլմն ուսումնասիրում է նրա կարիերայի տարբեր կողմերը եւ էկզոտիկ ճանապարհորդությունները, այն հիմնված է եռօրյա ուղեւորության վրա, որը լուսանկարիչը հոր հետ կատարել է հայկական գյուղ, որտեղ նա ծնվել է: «Գյուլերը մեզ միշտ ասել է, որ իր ամենամեծ ճանապարհորդությունը հորը տուն բերելն էր», - ասվում է ռեժիսորների հայտարարության մեջ:



© NEWS.am STYLE