yellowheart.-ն՝ իր նոր ալբոմի, սպասվող նորությունների, «Եվրատեսիլ»-ի ու Բրյունետի մասին

15:11   20 փետրվարի, 2023

Երգչուհի yellowheart.-ը (Լիլին) օրերս ներկայացրեց իր նոր ալբոմը, որը կոչվում է «հոգուց․» եւ պարունակում է 4 երգ։ «դողա․», «լավ բառեր․», «քեզ եմ սիրում․» եւ համանուն՝ «հոգուց․» երգն արդեն հասանելի են ինչպես YouTube-ում, այնպես էլ՝ երաժշտական այլ հարթակներում։ 

Երգչուհին ալբոմի մասին հրապարակմանը կից գրել էր, որ այն շատ կարեւոր դեր ունի իր կյանքում։ NEWS.am STYLE-ը yellowheart.-ի հետ զրուցել է այդ «կարեւոր դերի» եւ երգչուհու մյուս նորությունների մասին։

 

«Անկեղծ ասած՝ սրանք իմ ամենահին երգերն են: 4-ից 3-ը մոտ 2 տարի առաջ եմ գրել, իսկ «լավ բառեր.»-ը՝ մոտ 1 տարի առաջ: Կարեւոր են, որովհետեւ հենց հոգուցս են եկել․ հայերենով գրված առաջին երգերս են, ու ոչ մի գրամ կոմերցիա չունեն: Ալբոմը ներսիս ամենաբարի էմոցիայից մինչեւ ամենամութ էմոցիան է ցույց տալիս: Ի դեպ, «Էլի ես ու դու»-ն պիտի այս ալբոմից լիներ, բայց առանձին կյանք ունեցավ»,-ասաց Լիլին։ 

Հարցին, որն է 4-ից ամենահարազատը հենց իրեն, երգչուհին պատասխանեց,-«Բոլորն են հոգեհարազատ..․ «հոգուց.»-ն ինքս ինձ եմ նվիրել, շատ իմ մասին է։ «դողա.»-ն գրել եմ հոգեպես շատ ծանր վիճակում, ու էլի, շատ իմ մասին է: Երեւի, այս երկուսը՝ որպես սկիզբ ու ավարտ»։

Լիլին ակտիվ է ոչ միայն անհատական կատարումներով, այլեւ զուգերգներով։ Նախորդ տարվա ընթացքում երգչուհին համագործակցություններ է ներկայացրել Գարիկ Պապոյանի ու Ափոյի հետ։ Նա հավելեց, որ առաջիկայում կրկին կլինեն այդպիսի անակնկալներ․

«Մի տաղանդավոր հայ աղջկա հետ երգ ենք գրել, հաստատ սիրելու եք։ Փետրվարի վերջ, կարծում եմ, կթողարկենք»։

Լիլին այս ընթացքում Երեւանում է, շուտով, սակայն, մեկնելու է ԱՄՆ։ Այստեղ երիտսարդ երգչուհին, պարբերաբար, հանդես է գալիս կենդանի ելույթներով։ Ընթացիկ համերգների մասին խոստացավ տեղեկացնել Instagram-ում։ «Հիմա մի կարեւոր իվենթի եմ պատրաստվում, որ գարնանն է լինելու: Ասում են՝ «դեղին սիրտն» արդեն բենդ ունի, չգիտեմ»․-ժպիտով հավելեց նա։

 

Քանի որ այս օրերին հատկապես քննարկվում է «Եվրատեսիլ»-ի ու մրցույթում մեր ներկայացուցչի՝ Բրյունետի թեման, երգչուհուց հետաքրքրվեցինք՝ որքանով է իրեն պատկերացնում այդ մրցույթում եւ ինչ կասի Բրյունետի ընտրության մասին,-«Անկեղծ ասած՝ «Եվրատեսիլ»-ը երազանքներիս մեջ չի մտնում, բայց, եթե գա հնարավորությունը, չեմ հրաժարվի: Իսկ այս տարվա ընտրությունը, կարծում եմ, իդեալական է, ու հաղթանակը, երեւի, ավելի մոտ չի եղել մեզ: Լիքը հաջողություն եմ մաղթում ընկերոջս»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE