Հայ հարսնացուները թրենդում են. ինչպես են օտարերկրացիները պատկերացնում հայուհիների հետ ծանոթությունը

22:20   22 փետրվարի, 2023

«Նրանք բոլորը գեղեցիկ են, անհավանական մաքուր ու կոկիկ, եւ այնպիսի տեսք ունեն, ասես նոր են նրանց հանել արկղից։ Որոշ երիտասարդ կանայք, ես նույնիսկ կասեի շատերը, շատ գեղեցիկ են, որպես կանոն, նրանք մի փոքր ավելի գեղեցիկ են, քան ամերիկուհիները, ներիր ինձ այս հակահայրենասիրական գովասանքը», - գրել է հայտնի գրող Մարկ Տվենը հայ կանանց մասին իր «The Innocents Abroad» գրքում:

Հայ գեղեցկուհիները գրավում են օտարերկրյա հյուրերի սրտերն իրենց «էկզոտիկ» գեղեցկությամբ։ Պակաս հետաքրքրական չէ, թե ինչպես են օտարերկրյա ծանոթությունների պորտալները ներկայացնում հայուհիներին։ NEWS.am STYLE-ը որոշել է ուսումնասիրել այս հարցը, եւ ահա՝ ինչ ստացվեց։

«Հայ գեղեցկուհին քեզ երբեք չի հիասթափեցնի։ Սովորաբար հայուհիներն ունեն երկար մուգ շագանակագույն/սեւ մազեր, մուգ շագանակագույն/սեւ աչքեր ու թանձր սեւ թարթիչներ։ Հայ կանայք ասիացիների եւ եվրոպեոիդ ռասսայի խառնուրդ են։ Նրանք ինքնավստահ են, խելացի, անկախ ու գեղեցիկ: Հավանաբար, հայ կանայք աշխարհի ամենաթեժ ու գեղեցիկ կանայք են»,- նշում է պորտալը։

Պակաս հետաքրքիր չեն հայուհիների նկարագրությունները միջազգային ծանոթությունների կայքերի կողմից։ Օրինակ, Kiss brides-ը նշում է, որ հայ կանայք ունեն բաց, գունատ մաշկի երանգ ու սեւ մազեր։ «Նրանց շուրթերը պայծառ ու մեծ են, իսկ աչքերն ու թարթիչները՝ սեւ ու հաստ։ Հայուհիներն իրենց կտրուկ հակադրվող դիմագծերով, մոլորակի ամենագրավիչ կանանց թվում են։ Նրանք հայտնի են իրենց կազմվածքով։ Ձեր կողքին հայկական ռումբ ունենալով ձեզ հսկա կզգաք»:

Այնուհետեւ նշվում է, որ «Նույնիսկ այսօր հազվադեպ է հայ կինը, ով կարիերան եւ հարստությունը վեր դասում է ընտանիքից»: «Այս կանայք դաստիարակվել են այն մտքով, որ ընտանիքը կյանքի ամենակարեւոր մասն է, եւ նրանք մանկուց ցանկանում են ընտանիք կազմել: Հայ կանայք չեն ցանկանում որքան հնարավոր է շատ տղամարդկանց հետ հանդիպել կամ կորպորատիվ սանդուղքի գագաթին հասնել մինչեւ 25 տարեկան դառնալը։ Եթե ​​հայ կինն ունի սիրող ընկեր եւ ընտանիք, որի մասին նա հոգ է տանում, նրան այլ բան պետք չէ»: Միեւնույն ժամանակ նշվում է, որ հայուհիները ոչ մի կերպ չեն հանդիսանում «ամաչկոտ, լուռ կանայք, ովքեր ամեն ինչ կանեն իրենց ամուսիններին պահելու համար»։ Նրանք ինքնավստահ են եւ գիտակցում են իրենց գրավիչ հատկությունները։ Հայ գեղեցկուհուն նվաճելու համար ստիպված կլինեք ավելի շատ ջանքեր գործադրել, քան այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Հեղինակները վստահ են, որ բոլոր հայ կանայք հիանալի խոհարարներ են։ «Հայ աղջիկները ոչ միայն լավ են պատրաստում, այլեւ լավ են սովորում։ Հայուհին արագ կսովորի պատրաստել ամուսնու սիրելի ուտեստները եւ զարմացնել նրան դրանցով, ինչպես նաեւ հայկական դասականներով»:

 «Կովկասյան եւ ասիական դիմագծերի կատարյալ միաձուլմամբ հայ կանայք հիանալի ընտրություն են ռոմանտիկ զուգընկերոջ համար: Երկար մուգ շագանակագույն մազերը, լայն ճակատը եւ թարթիչները նրանց դարձնում են խորհրդավոր եւ խորը: Բացի այդ, նրանք ունեն ընդգծված այտոսկրեր ու անհավանական գեղեցկություն»,- նշում է մեկ այլ ասիացի հարսնացուների ծանոթությունների պորտալը, որը վստահ է, որ հայուհիները խստությամբ են դաստիարակվել իրենց հայրերի ու ամուսինների կողմից։ «Տիպիկ հայուհին համարվում է տնային տնտեսուհի, ինչը դժվարացնում է նրա համար լավ աշխատանք գտնելը։ Ուստի կարեւոր է խուսափել ձեր նախկին հարաբերությունների մասին հիշատակելուց, որը կարող է դիտվել որպես արտաամուսնական զուգընկեր փնտրել»:

Լուսանկարը՝ peakpx.com



© NEWS.am STYLE