Անժելա Բարխուդարյանը հանդես է եկել առաջին մենահամերգով․ երգչուհին՝ հույզերի ու «Արտակարգ Արտակ» սիթքոմում դստեր մասնակցության մասին (ֆոտո)

17:05   27 փետրվարի, 2023

Անժելա Բարխուդարյանը Երեւանում հանդես է եկել առաջին մեծ մենահամերգով։ Երգչուհու համերգը տեղի է ունեցել փետրվարի 22-ին՝ Hin Areni Music Hall-ում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անժելան պատմեց, որ մենահամերգով հանդես գալու առաջարկը ստացել էր դեռեւս 2022 թ-ի ամռանը,-«Չէի կարողանում կենտրոնանալ եւ մտածել այդ ուղղությամբ, քանի որ կային տեխնիկական խնդիրներ։ Ամենակարեւոր հարցը, որն ինձ հուզում էր, կենդանի նվագախմբի երաժիշտների ընտրությունն էր:
Ինչու՞ ավելի վաղ չէի ծրագրում համերգ…. Պարզապես, չէր հասունացել այդ պահը, ու երբ առաջարկը ստացա, այդ պահից սկսեցի մտածել, որ արդեն ժամանակն է կազմակերպել համերգ-հանդիպումը: Ու քանի որ ունեմ շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ՝ մաեստրո Արթուր Հակոբյանը, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Կարապետյանը, իմ զանգից հետո շատ արագ այդ հարցը լուծվեց, եւ հավաքվեց շատ լավ եւ պինդ թիմ»:

Երգչուհին խոսքերով չի կարողանում նկարագրել իր հույզերը։

DSC_5074.jpg (144 KB)

«Իմ միակ ցանկությունը եղել է իմ մեջ եղած ջերմությունը, էմոցիաներն ու սերը իմ լսարանին հասցնելը։ Ամենակարեւորն այն էր, որ համերգից հեռանալիս իրենք իրենց հետ տանեին ջերմ ու վառ տպավորություններ»:

Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժնից: Երգչուհին ներառել էր ինչպես հայտնի cover-ներ, այնպես էլ հեղինակային երգեր։ «Ներկայացրել եմ երգեր, որոնք տարիների ընթացքում եղել են միշտ ինձ հետ ու իմ հոգում: Երգեր, որոնք տեղափոխում են մարդանց տարբեր ժամանակահատվածներ, ջերմ հիշողություններ են արթնացնում, եւ, բնականաբար, չէին կարող չհնչել վրացերեն երգեր»:

Համերգին ներկա են եղել Անժելայի ընտանիքի անդամները,  հարազատները, ընկերներն ու երկրպագուները։ «Ինձ համար մեծ անկանկալ էր, երբ բեմից նկատեցի Թբիլիսիից ժամանած հյուրերին։ Էլ ավելի հուզվեցի, էմոցիաներս կրկնապատկվեցին: Իհարկե, հուզմունքը արտիստին խանգարում է, բայց եթե չի լինում հուզմունք, կարծում եմ՝ չես կարողանում փոխանցել բոլոր իրական էմոցիաները, որոնք այդ պահին կան քո մեջ։ Լսարանը միանաշանակ դա զգում է եւ պատասխանում ծափահարություններով»:

DSC_5055.jpg (140 KB)

Չշրջանցեցինք նաեւ Անժելայի դստեր՝ Աննայի նկարահանումների թեման։ Աղջիկն ամիսներ առաջ մասնակցություն էր ունեցել «Արտակարգ Արտակ» սիթքոմում, որի գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է։ 

DSC_5076.jpg (135 KB)

«Աննան շատ հաճախ մասնակցում էր տարբեր քասթինգների, հայտնվել է տարբեր նկարահանման հրապարակներում, եւ միանշանակ կարող եմ ասել, որ հաջողակ երեխա է․ ճիշտ ժամանակին հայտնվում է անտեղ, որտեղ պետք է: Այդպես ստացվեց նաեւ «Արտակարգ Արտակ» սիթքոմի քասթինգի ժամանակ»,-պատմում է Անժելան,-«Մոտ կես ժամ տեւողությամբ քասթինգից հետո հեռախոսը լռում էր երկու շաբաթ։ Այդ երկու շաբաթը բավական դանդաղ ու բարդ անցան, քանի որ բոլորս սպասում էինք պատասխանի։ Ամենից անհամբերն, իհարկե, Աննան էր, քանի որ մեծ ցանկություն ուներ ստանալու այդ դերը, որը հնարավորություն կտար աշխատել այնպիսի պրոֆեսիոնալ դերասանի հետ, ինչպիսին Մկրտիչ Արզումանյանն է։ Իսկ նախագծի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն էր։ Դա մեծ դպրոց է եւ մեծ ձեռքբերում: Նույնիսկ, ապագայում, եթե նա ոչ մի նախագծի չմասնակցի եւ ընտրի այլ մասնագիտություն, ես վստահ կարող եմ ասել, որ այս տարիքում անցել է այս ճանապարհը, ինչն արդեն մեծ հաջողություն է: Բայց, եթե ստանա առաջարկ, որն իրեն կհետաքրքրի, մենք չենք խոչընդոտի, հակառակը՝ կաջակցենք եւ հնարավորինս կլինենք նրա կողքին»:

DSC_5183-1.jpg (170 KB)

IMG-f2578f8a1b639a8568e60c4a83aa721c-V.jpg (123 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անժելա Բարխուդարյանը



© NEWS.am STYLE