Ի՞նչ հագնել այս գարնանն ու ամռանը

14:28   4 մարտի, 2023

Փարիզի նորաձեւության շաբաթը գագաթնակետին է հասել։ Հյուրերն արդեն հիացել են Rick Owens-ի ընդլայնված գունապնակով, Isabel Marant-ի քասթինգով (այնպիսի դեմքեր էին ընդգրկված, ինչպիսիք են Նատաշա Պոլին, Սաշա Պիվովարովան, Ջեսիկա Սթեմը եւ շատ ուրիշներ) եւ այրվող տղամարդով՝ Heliot Emil շոուի ժամանակ: Թեեւ դրանք այժմ ցուցադրում են 2023 թվականի աշուն/ձմեռ միտումները, որոշ կերպարներ կարելի է հաշվի առնել արդեն հիմա։

Մեր այսօրվա հերոսուհին՝ OOTTEE ստեղծագործական ստուդիայի հիմնադիր եւ ոճաբան Արփինե Մովսիսյանն է, ով 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Փարիզում։ Նա ականավոր ոճաբան է, ով ակտիվորեն աշխատում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Schiaparelli-ն, Balenciaga-ն: Նա նաեւ նախագծեր ունի Mugler-ի, ELLE ամսագրի, Kaltblut-ի եւև Fucking Young-ի հետ: Արփինեն հաճախ է գալիս հայրենիք, այդ իսկ պատճառով քաջատեղյակ է ստեղծագործական ոլորտի առանձնահատկություններին ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում։

Ֆրանսիացիների ոճի ԴՆԹ-ն՝ փոքր-ինչ անփութությունն է․ mom ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, ցածրակրունկներ եւ գզգզված մազեր: Հայերի մոտ գերակշռում է սեւ գույնն ու տրիկոտաժի խառնուրդը։ Սակայն այս սեզոնին ոճաբան Մովսիսյանն առաջարկում է ուշադրության կենտրոնում պահել Բրիտանիան։ Հենց այդտեղից էլ սկիզբ են առնում ներկայիս գերնորաձեւ կարգո տաբատները։

OOTTEE-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս նման կարգո տաբատները համադրել տոպերի եւ կաշվե բայկերի բաճկոնների հետ:

Մեկ այլ թրենդ, որը կարելի է ապահով կերպով կրել Երեւանի փողոցներում՝ մաքսի կիսաշրջազգեստներն են։ Դրանք հեշտությամբ կարելի է գտնել մայրիկների ու տատիկների զգեստապահարանում։ Այս իրը համադրեք կրունկներով սանդալների, բատիլյոնների կամ նույնիսկ ծավալուն սպորտային կոշիկների հետ:

Կերպարը կարող եք ամբողջացնել զանգվածային աքսեսուարներով՝ լայն շրջանակով ակնոցներ, մեծ զարդեր:

Կտորներից Մովսիսյանը խստորեն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել լատեքսին, կաշվին եւ կիսաթափանցիկ ցանցային գործվածքին։ Խառնեք դրանք, փորձեք հեռանալ տրիկոտաժից:

Վերջում Արփինեն նշեց, որ 80-90-ականներն այժմ վերադառնում են նորաձեւություն։ Այդուհանդերձ կարող եք ապահով զբոսնել շաբաթօրյա հին իրերի վաճառաման շուկաներում, որտեղ հաստատ կարող եք գտնել ուլտրաոճային իրեր։ Ճիշտ է, գնելուց առաջնորդվեք կանոնով. հագուստը պետք է ինձ համապատասխանի, այլ ոչ թե թրենդային լինի։



© NEWS.am STYLE