SYSTEM OF A DOWN-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանը հայտարարել է՝ ավարտին են մոտենում իր դեբյուտային սոլո ալբոմի աշխատանքները

12:59   8 մարտի, 2023

SYSTEM OF A DOWN-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանը հաստատել է, որ ավարտում է աշխատանքներն իր դեբյուտային սոլո ալբոմի վրա:

Հայկական ծագումով 48-ամյա ամերիկացի երաժիշտ Շավարշ Օդաջյանը, ձայնասկավառակի վրա աշխատում է WINDS OF PLAGUE-ի կիթառահար Մայքլ Մոնտոյայի (նույն ինքը՝ MorgothBeatz) հետ:

Շավոն խոսել է սոլո ստեղծագործությունների իր պլանների մասին՝ ելույթ ունենալով Ջոնաթան Մոնտենեգրոյի «My 3 Questions To»-ը փոդքաստում։ «Շատ շուտով կունենամ սոլո ալբոմ։ Ծանր է ու մեծ։ Հիփ հոփ չէ: Դա ուղղակի խենթություն է: Իմ բոլոր սայդ-նախագծերը հիփ հոփ կամ էլեկտրո էին… մի բան, որն ինձ ճիշտ էր թվում առաջին իսկ օրվանից: Սա իմ ԴՆԹ-ն է: Այնպես որ, սպասեք սոլո ալբոմին»,-նշել է նա:

шаво.jpg (18 KB)

Օդաջյանը նաեւ սոցցանցերում կիսվել է երաժշտությամբ, որի վրա աշխատում է՝ գրելով․ «Տարիներ շարունակ տարբեր ոճերի եւ ժանրերի փորձարկումներից հետո իմ սայդ-նախագծերի համար, ես որոշեցի վերադառնալ իմ արմատներին եւ ստեղծել ծանր սոլո ալբոմ: Արդեն մի քանի ամիս է, ինչ եղբորս՝ @morgothbeatz-ի հետ, ջանասիրաբար աշխատում եմ գրելու եւ ձայնագրելու վրա»։

SYSTEM OF A DOWN-ը 2011-ին դադարից հետո պարբերաբար հյուրախաղեր է կազմակերպել, սակայն վերջին 17 տարիների ընթացքում նրանց հաջողվել է ձայնագրել միայն երկու երգ՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» 2020 թվականի նոյեմբերին, որոնք վերաբերում էին 44-օրյա պատերազմին: Ամբողջ հասույթն ուղղվել է Հայաստանի եւ Արցախի մարդասիրական օգնությանը։ Իրենց սոցիալական էջերում երկրպագուների այլ նվիրատվությունների հետ միասին նրանք հավաքել են ավելի քան 600,000 դոլար:



© NEWS.am STYLE