«Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Loreen-ը այս տարվա մրցույթում կրկին կներկայացնի Շվեդիան

10:31   12 մարտի, 2023

Շվեդ երգչուհի Loreen-ը, որն Euphoria երգով դարձել էր «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողը, 2023 թ-ին կվերադառնա մրցույթ։ 39-ամյա երգչուհին Tattoo երգով մասնակցել է «Եվրատեսիլ»-ի շվեդական նախընտրական մրցույթին՝ Melodifestivalen-ին, եւ 28 մասնակիցների մեջ ճանաչվել հաղթող, այսպիսով երկրորդ անգամ դառնալով մրցույթում Շվեդիայի ներկայացուցիչը։ 

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է շաբաթ օրը՝ մարտի 11-ին, որին մասնակցել է 12 ֆինալիստ։ Tattoo երգը հաղթել է ինչպես միջազգային ժյուրիի, այնպես էլ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։ 

Երգի հեղինակներն են Ջիմի Թորնֆելդթը, Ջիմի Ջենսոնը, Քազի Օփեյան, Փիթեր Բոսթրոմը, Թոմաս Ջին, նաեւ ինքը՝ երգչուհին։

Երգն իր ոճով նման է Euphoria-ին։ Loreen-ը երգում է բաժանման մասին, որտեղ կա վերադարձի հույս։ «Դու ինձ վրա դաջված ես, ինչպես տատու»,-ասվում է երգում։



«Եվրատեիլ 2023»-ը տեղի է ունենալու մայիսի 9-ին, 11-ին ու 13-ին՝ Լիվերպուլում։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որի պրեմիերան կկայանա մարտի 15-ին։



© NEWS.am STYLE