Ֆրանսիայում մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը

18:30   13 մարտի, 2023

Մարտի 10-ին եւ 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո  «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված եւ արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում  անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։ 

Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։ 

333208969_599784498376157_4696543357995707846_n.jpg (25 KB)

Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 
Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, Սինեմաթեքի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիական Սինեմատեքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով հետագա գործակցության ընդլայնման կարևորությունը։ Ցուցադրությանը ներկա է եղել հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ: 

Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում նաև Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը:

333411733_111296705224315_8316023813174206334_n.jpg (49 KB)

Նշենք, որ Ֆրանսիայի Սինեմատեքի հովանու ներքո մարտի 8-12-ն անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Համո Բեկնազարյանին նվիրված այս ծրագրով անվանի ռեժիսորի ստեղծագործությունն առաջին անգամ է հանրայնացվում Ֆրանսիայում՝ 1993 թվականին  «Պոմպիդու» կենտրոնում անցկացված հայ կինոյի հետահայաց ծրագրից հետո։ 

Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումն իրականացվել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմերի թվայնացման և մասնագիտական վերականգնման աշխատանքները կատարել են Հայաստանում՝ «One Man Studio Production»-ի մասնագետները, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ։



© NEWS.am STYLE