Wine Story. Sotheby's-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանում եւ Վրաստանում գինեգործությունը վերածնունդ է ապրում

17:51   14 մարտի, 2023

Գինեգործությունը Հայաստանում եւ Վրաստանում վերածնունդ է ապրում։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Sotheby’s գինու վաճառքի բաժնի նոր ղեկավար Վանեսա Քոնլինը։

«Գինին պատմություն է շշի մեջ. այն պատմում է ժամանակի, մարդկանց եւ վայրի մասին: Անկախ վերջին մի քանի տարիների ձեր քաղաքականությունից կամ փորձից, ես կարծում եմ, որ մեզնից շատերը կարող են համաձայնել, որ ցանկանում ենք եւ՛ ճանապարհորդել, եւ՛ ուրիշների հետ կապ հաստատել, եւ չկա ավելի լավ միջոց, քան գինու շիշ բացելը», - նշում է նա:

Նրա խոսքերով՝ երիտասարդ սպառողները մեկ շնչի հաշվով ավելի քիչ գինի են սկսել խմել, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները նախընտրում են ավելի որակյալ գինիներ: «Հետաքրքիր է, որ հնագույն գինեգործական շրջաններից մի քանիսը, ինչպիսիք են Հայաստանը եւ Վրաստանը, վերածնունդ են ապրում՝ ներգրավելով աշխարհի առաջատար գինեգործների ներդրումներն ու արկածախնդիր սպառողների եւ սոմելիների ուշադրությունը», - նշել է Քոնլինը:

Հատկանշական է, որ 2022 թվականին Sotheby’s-ը գինու եւ ալկոհոլային խմիչքների համաշխարհային աճուրդներում գրանցել է ռեկորդային ընդհանուր վաճառք՝ 158 միլիոն դոլար՝ գերազանցելով նախորդ տարվա 132 միլիոն դոլարի ռեկորդը։



© NEWS.am STYLE