Բրյունետ-Future Lover. թողարկվել է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի երգը (վիդեո)

22:05   15 մարտի, 2023

Առաջին ալիքն ու «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքը ներկայացրել են այն երգը, որը Բրյունետը կատարելու է «Եվրատեսիլ 2023»-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երգչուհին, իր երգը կոչվում է Future Lover, եւ այն լավագույնս բնութագրում է իրեն թե որպես արտիստի, թե որպես մարդու: 

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Բրյունետն է, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։  Երգչուհին իր տեսահոլովակի կերպարի շուրջ համագործակցել է ոճաբան Նարեկ Ջանգիրյանի հետ։ 

««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա.  տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգը նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:

«Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Բրյունետը շատ արտիստիկ է՝ յուրօրինակ ոճով եւ էներգիայով, որն արտահայտվում է իր յուրաքանյուր կատարման մեջ: Ես վստահ եմ, որ նա մեզ բոլորիս հպարտանալու առիթներ է տալու եւ իր տեղն է գտնելու միլիոնավոր երկրպագուների սրտում,- ասում է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը եւ հավելում,- այժմ մենք աշխատում ենք մեր գործընկերների՝ ռեժիսոր Մարվին Դիթմանի եւ Ռոս Նիքոլսոնի հետ՝ ստեղծելու անկրկնելի շոու: «Future Lover»-ը գեղարվեստական եւ պատկերավոր բեմադրություն է, եւ մենք անհամբեր ենք այն ներկայացնել մայիսին եվրատեսիլյան մեծ բեմում»:

Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի խոսքով՝ երբ արտիստը կատարում է հենց իր հեղինակային երգը, նա ավելի ճիշտ է կարողանում փոխանցել իր զգացմունքները հանդիսատեսին, կապն առավել օրգանիկ է դառնում:

«Այս տարվա մեր երգի կառուցվածքը ստանդարտներից փոքր-ինչ դուրս է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն: Երգում Բրյունետն ամբողջությամբ իր ոճին, տեսակին համապատասխան ներկայացնում է իր ձայնային կարողությունները: Փորձել ենք չշեղվել իր տեսակից, և երգում տեղ է գտնել նաեւ փոքրիկ ռեփ հատված, որն ամենամոտն է Բրյունետի յուրօրինակ տեսակին»: 

«Եվրատեսիլ»-ն այս տարի տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին ու 13-ին՝ Լիվերպուլ քաղքում: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին:



© NEWS.am STYLE