Լոնդոնաբնակ ինֆլուենսերը Քիմ Քարդաշյանի նման ապրելու համար ծախսել է ավելի քան 1 միլիոն ֆունտ

18:20   22 մարտի, 2023

Լոնդոնաբնակ ինֆլուենսեր Չալի Դ.Ն.-ն հավաստիացնում է, որ ավելի քան 1 միլիոն ֆունտ է ծախսել Քիմ Քարդաշյանի նման ապրելու համար։ Կինը պնդում է, որ իրեն փողոցում հաճախ են կանգնեցնում հայտնի հայուհու հետ նմանության պատճառով, սակայն ասում է, որ իրենց նմանությունն ուղղակի հաջողություն է։

Truly-ի հետ զրույցում Չալին, ով Ինստագրամում ունի 1,2 միլիոն հետեւորդ, պատմել է, որ իրեն «ամեն րոպե» ասում են, թե նման է Քիմին:

Չալիի զգեստապահարանը լի է Քիմի սիրելի իրերով այնպիսի դիզայներներից, ինչպիսիք են Givenchy-ն եւ Tom Ford-ը: Բացի 30,000 ֆունտ արժողությամբ Rolex ժամացույցից, Չալին ունի 4000 ֆունտ արժողությամբ զգեստ, որը ժամանակին կրել է ինքը՝ Քիմը, ինչպես նաեւ 7000 ֆունտ արժողությամբ Givenchy-ի մուշտակ, ինչպիսին Քիմինն էր: «Սա իսկական մորթի չէ, քանի որ ես վեգան եմ: Երբ ես հագնում եմ սա, ինձ Քիմ Քարդաշյան եմ զգում»:

Նրա խոսքով՝ ինքը ստիպված է անընդհատ պայուսակ փոխել, որպեսզի «Քարդաշյաններից հետ չմնա»։ «Ընկերներս ու ընտանիքիս անդամները միշտ ինձ ասում են, որ պետք է դանդաղեմ, ես այնքան գումար եմ ծախսում հագուստի եւ իմ արտաքինի վրա, որ նրանք անհանգստանում են»:

Չալին առաջին անգամ հասկացավ, որ նա նման է Քիմին, երբ տեսավ նրա լուսանկարը եւ սկսեց հետեւել նրա ինստագրամյան էջին։ «Ես մտածեցի. «Աստված իմ, ես եմ»: Նա իսկապես նման է ինձ»:

Այդ ժամանակվանից նա մոտ 1,1 միլիոն ֆունտ է ծախսել կոսմետիկ պրոցեդուրաների, դիզայներական հագուստի եւ աքսեսուարների վրա՝ Քիմից հետ չմնալու համար, սակայն պնդում է, որ բացի բոտոքսից, ֆիլլերներից եւ կրծքի մեծացումից, մնացած ամեն ինչ «բնական» է:



© NEWS.am STYLE