Երեւանյան բեմում առաջին անգամ կներկայացվի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ը՝ հայ դերասանների մասնակցությամբ (ֆոտո)

16:04   24 մարտի, 2023

Մարտի 25-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ հայկական թատրոնի բեմում կներկայացվի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդը» ստեղծագործությունը։ Այս պատմությունը հիմնված է իսպանական առասպելի վրա եւ վաղուց դարձել է  դասական ստեղծագործություն՝ ներկայացնելով համաշխարհային բեմերում։ 

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ նման գործին անդրադարձը թատրոնի համար ոգեւորիչ է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող․

336881041_761923481886002_3363473095199139397_n.jpg (106 KB)

«Թատրոնը վաղուց է որդեգրել անդրադարձը համաշխարհային դասականներին, եւ մեզ համար պատիվ է այս ներկայացումն ունենալ մեր խաղացանկում: Գաղափարը ծնվել էր շատ վաղուց, եւ մեր ընկերը՝ ֆրանսաբնակ բեմադրիչ Ջերալդ Բաբազիանը, առաջարկեց այս գործը, եւ ի թիվս շատ աշխատանքների՝ ընտրեցինք սա: Հայաստանի թատրոնի պատմության մեջ առաջին անգամ է բեմադրվում Կոռնեյլի «Սիդ» ստեղծագործությունը, ինչը շատ պարտավորեցնող է: Պետք է մաքսիմալ հավատարիմ մնալ ստեղծագործության բուն նյութին՝ արտահայտչաձեւին, կոստյումներին եւ այլն»:

Ներկայացման բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը հեղինակել է Վահան Արծրունին, կոստյումները՝ Տերյան մշակութային կենտրոնի:

336885367_930936548356413_527909035123459256_n.jpg (108 KB)

«Այս ներկայացումը մենք նվիրում ենք Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: Երբ այս միտքը կիսեցինք Երեւանի քաղաքապետարանի հետ, այն մեծ հավանության արժանացավ, եւ քաղաքապետարանն աջակցեց ներկայացման կայանալուն: Ինչո՞ւ այս ստեղծագործությունը, որովհետեւ այստեղ կա հերոսապատում, կա սեր, կա պատիվ, ինչն այսօր անհրաժեշտ է, հատկապես, մեր պատանի հանդիսատեսին»,-հավելեց Էմին Թորոսյանը։

Ռեժիսոր Ջերալդ Բաբազիանը նշեց, որ ներկայացման մեջ փոքր-ինչ կրճատումներ են եղել։ Նրա խոսքով՝ եթե ֆրանսիացի հանդիսատեսը կարողանում է համբերությամբ ու հետաքրքրությամբ հետեւել, նույնիսկ, 3 ժամ տեւողությամբ ներկայացման ողջ ընթացքին, հայ հանդիսատեսը դեռեւս պատրաստ չէ դրան։ Այնուամենայնիվ, ստեղծագործական կազմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում գործին, որպեսզի ամենակարեւոր ասելիքը մեծ ազդեցությամբ հասցվի հանդիսատեսին․

336899566_522542803397699_7630600918720378631_n.jpg (99 KB)

«Հիշեցի, որ «Սիդ»-ը երբեք չէր խաղացվել հայկական թատրոնում, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, այստեղ էլ կարելի է մեծ պրեմիերա անել: Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի, որ մեր պատանիներն էլ ծանոթանան այս շատ գեղեցիկ պիեսին: Պարոն Թորոսյանին եւս շատ դուր եկավ այս գաղափարը, եւ սկսեցինք աշխատել դրա շուրջ,-հիշեց Բաբազիանը,-Ներկայացումը հենց դասական տարբերակով ենք բեմադրել, բոլորը լուրջ են մոտենում գործին: Գուցե, գա ժամանակ, որ այս ստեղծագործությունը վերաբեմադրվի նոր մեկնաբանությամբ: Կարծում եմ՝ հենց դա է դասական գործերին ավելի մեծ հետաքրքրություն հաղորդում»:

Կոմպոզիտոր Վահան Արծրունին դիտել է ներկայացման փորձերն ու, ինչպես ինքն է ասում, ոգեւորված է ու անհամբեր․

337157132_145543378170664_3875449917962817319_n.jpg (97 KB)

«Դերասանների ոգեւորությունը փոխանցվել է նաեւ ինձ: Չնայած փորձ էր՝ ընդհատումներով ու ընդմիջումներով, բայց այն էմոցիաները, որոնք տիրում էին բեմում, ինձ մեծ բավականություն պատճառեցին»,-նշեց նա։

Անդրադառնալով ստեղծագործական ընթացքին՝ երգահանը հավելեց․

337517271_886564439445550_3170151446277950781_n.jpg (93 KB)

«Ինձ համար շատ կարեւոր էր ճիշտ հասկանալ եւ ըմբռնել ժամանակաշրջանը, որովհետեւ ամբողջ երաժշտական պատկերը պետք է կառուցվեր համահունչ: Միջնադարն ինձ համար առավել հետաքրքիր ժամանակաշրջան է, եւ սա առաջին գործոնը դարձավ, որ միանգամից համաձայնվեցի, երբ ռեժիսորից ստացա այս առաջարկը: Այստեղ ամենամեծ հետաքրքրությունը նրանում է, որ պետք է ընդունես պայմանականությունը: Երբ տեսա բեմական լուծումները, հասկացա, որ չնայած բեմադրիչի հետ ծանոթ չէի՝ մենք, կարծես, աշխատում էինք նույն հունի մեջ»:

Ներկայացման գլխավոր դերերում հանդիսատեսը կտեսնի Մխիթար Ավետիսյանին, Սաշա Սուքիասյանին, Լուիզա Մելքոնյանին, Սեյրան Մովսիսյանին, Ռոզա Փարամազյանին, Արթուր Կարապետյանին եւ այլ հայտնի դերասանների։

336890700_880898249658744_1083363388386431772_n.jpg (107 KB)

337531586_587528183402766_2897604901106836617_n.jpg (99 KB)

337534305_161118439803200_8712020089952451849_n.jpg (95 KB)

336881309_1184520828732232_3322603230404432688_n.jpg (94 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE