«Ցանկանում եմ, որ այս ամենին վերջ տրվի»․ Սելենա Գոմեսը Հեյլի Բիբերի խնդրանքով դիմել է իր երկրպագուներին (ֆոտո)

16:26   24 մարտի, 2023

Սելենա Գոմեսն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ Հեյլի Բիբերը դիմել է իրեն՝ նշելով, որ սպառնալիքներ է ստանում իր աջակիցների կողմից։ 

«Հեյլի Բիբերն ինձ հետ կապ է հաստատել ու հայտնել, որ շարունակ ստանում է մահվան սպառնալիքներ եւ ատելության այլ դրսեւորումներ։ Սա այն չէ, ինչի համար ես պայքարում եմ։ Ոչ ոք չպետք է այսպիսի ատելություն ու ահաբերկում ստանա»,-գրել է երգչուհին՝ կոչ անելով հետեւորդներին վերջ տալ այդպիսի դրսեւորումներին․

«Ես միշտ քարոզել եմ բարություն եւ, իսկապես, ցանկանում եմ, որ այս ամենին վերջ տրվի»,-հավելել է Գոմեսը։

334827611_208898635073246_8582754030227725130_n.jpg (101 KB)

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսի եւ նրա նախկին սիրելիի՝ Ջասթին Բիբերի կնոջ երկրպագուների միջեւ տարաձայնությունները նոր թափ ստացան, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Հեյլի Բիբերն ու նրա մոտ ընկերուհին՝ Քայլի Ջենները, շատերի կարծիքով, փորձել են ծաղրել Սենելա Գոմեսին, այն բանից հետո, երբ երգչուհին կիսվել էր հոնքերի լամինացիայի «չարաշահումով»։ Դրան հաջորդել են նաեւ Քայլիի ու Հեյլիի տեսանյութերը, որոնցից երկրպագուները տպավորություն են կազմել, թե ընկերուհիները նմանակել են Գոմեսին։

Երբ Սելենա Գոմեսի երկրպագուները Քայլի Ջեններին մեղադրել էին երգչուհուն ահաբեկելու մեջ, նա պատասխանել էր, որ ինքը երբեք հոնքերի տեսահոլովակներ չի տեսել, եւ «այդ ամենը հիմարություն է»։ Գոմեսն իր հերթին հայտարարել էր, որ աղմուկը բարձրացել էր մանրուքից։



© NEWS.am STYLE