Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:25   27 մարտի, 2023

Ինչպե՞ս անցկացնել այս շաբաթը։ Ո՞ւր գնալ նոր տպավորությունների, բարձր տրամադրության կամ՝ կատարյալ հանգստի համար։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է շաբաթվա 7 հետաքրքիր իրադարձություն։

Մարտի 27․ Երկուշաբթին կարող եք երաժշտական անցկացնել Mezzo ակումբում, որտեղ հանդես կգա The Band-ը։ Համերգը կմեկնարկի 21:00-ին, մուտքավճարը՝ 4000 դրամ։ 

Մարտի 28․ Անկեղծ կատակերգություն՝ երկու գործողությամբ։ Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա պրեմիերա՝ «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»։ Դերերում՝ Էվա Խաչատրյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան, Ժորա Հովհաննիսյան, Դավիթ Աբրահամյան։ Վերջինը նաեւ ներկայացման հեղինակն ու բեմադրիչն է։ Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի աժեքը՝ 2000-6000 դրամ։

Մարտի 29․ Հայաստանի պետական ջազ նվագախումբը հրավիրում է ունկնդրել VEM լարային քառյակի համերգը, որը տեղի կունենա Ճարտարապետների միության դահլիճում՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ։

Մարտի 30․ Ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ՝ Հայաստանում՝ Nuit d'étoiles։ Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում եւ կկայանա Առնո Բաբաջանյան համերգասրահում, ժամը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։

Մարտի 31․ Արամեն ելույթ կունենա Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում․ լավ առիթ այցելելու Հայաստանի ամենակոլորիտային քաղաքներից մեկն ու վայելելու սիրված երգչի հայտնի ու նոր կատարումները։ Համերգը կմեկնարկի 19:30-ին, տոմսերն արժեն 5000-8000 դրամ։

Ապրիլի 1. ArmComedy-ի Նարեկն ու Սերգեյը նոր ստենդ ափ են պատրաստել՝ «Լույս մուլտիտիեզերքի վերջում»։ Քաղաքական հումոր, ոչ եթերային խոստովանություններ, մուլտիտիեզերքի համապարփակ վերլուծություն, ինչպես նաեւ՝ ArmComedy հերթական թողարկման live նկարահանում։ Ներկայացումը կկայանա Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-10 000 դրամ։ 

Ապրիլի 2․ Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այս կիրակի մեծ պրեմիերա է սպասվում։ Բեմ կբարձրանա «Два плюс два» նոր ներկայացումը, որի գլխավոր դերերից մեկում կտեսնեք ամենասիրելի հայ դերասաններից Մկրտիչ Արզումանյանին։ Ներկայացմանը սկիզբը 19:00-ին է։ Տոմսերի արժեքը` 2000-8000 դրամ։ 



© NEWS.am STYLE