Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) Հայկական երաժշտության ծրագրի շրջանակում ձեւավորված VEM լարային քառյակը երեկ՝ մարտի 29-ին, ելույթ ունեցավ Երեւանում։ Քառյակի համերգը տեղի ունեցավ Ճարտարապետների միության դահլիճում՝ Դանիել Սեգենի (սոպրանո), Արթուր Ավանեսովի (դաշնամուր) եւ Արմեն Հյուսնունցի (սաքսոֆոն) մասնակցությամբ:
VEM-ը կազմավորվել է Լոս Անջելեսեի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր, հայտնի ջութակահար Մովսես Պողոսյանի նախաձեռնությամբ։ Խմբի անդամներն են՝ Մովսես Պողոսյանը, Էլա Կոձասը (ջութակ), Դեյմոն Զավալան (ալտ), Նիալ Տարո Ֆերգյուսոնը (թավջութակ):
«Արդեն 10-րդ տարին է, որ ես ղեկավարում եմ UCLA-ի հայկական երաժշտության ծրագիրը: Հենց սկզբից մեր ամենակարեւոր նախագծերից մեկը VEM անսամբլը ստեղծելն էր, քանի որ դա շատ կոմպակտ գաղփար է, որի միջոցով կարող ենք ներկայացնել հայ կոմպոզիտորների շատ գործեր:
Մեր ամենատաղանդավոր ուսանողներն ու շրջանավարտները ստանում են VEM-ի անդամ դառնալու հրավերը եւ սովորում հայկական երաժշտություն, որը մենք միասին կատարում ենք տարբեր ձեւաչափերով,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մովսես Պողոսյանը,-Սա միակ համալսարանն է աշխարհում, որն ունի հայկական երաժշտության ծրագիր: Նպատակը ուսանողներին հայկական երաժշությանը ծանոթացնելն է: Այնպես է ստացվել, որ բոլոր ուսանողերն էլ արտերկրից են, առաջին անգամ են այս երաժշտությանը ծանոթանում, բայց սիրահարվում են մեր արվեստին ու դառնում հիանալի դեսպաններ հայկական մշակույթի համար»,-հպարտությամբ հավելեց անվանի ջութակահարը։
Քառյակի կազմում ընդգրկված համալսարանի ուսանողներն առաջին անգամ էին Հայաստանում․ ոգեւորված էին ու հիացած հայաստանյան տպավորություններից։ Անհամբերությամբ էին սպասում երեւանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը, բայց արդեն հասցրել էին ելույթներ ու վարպետության դասեր ունենալ Դիլիջանում։ Երեւանյան հանդիսատեսի համար նրանք նվագեցին Կոմիտասի, Մանսուրյանի, Խոսրովիդուխտի, Ավանեսովի, Շոստակովիչի, Միրզոյանի, Հովհաննեսի, Չթչյանի, Հյուսնունցի ստեղծագործություններից:
«Երբ վերադառնանանք ԱՄՆ, հայկական երաժշտության ծրագիրը ապրիլի կեսին պիտի մի քանի ձայնագրություն անի, նոյեմբերին պետք է 4 CD թողարկենք, որտեղ կներառվեն մոտ 15 հայ կոմպոզիտորների գործեր: Մայիսին ծրագրում ենք շրջագայել ամերիկյան մի քանի քաղաքներով»,-խոսելով ապագա ծրագրերից՝ հավելեց Պողոսյանը։
Խմբի համերգն ու երեկոյի հատուկ հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի