Սթրիմինգ. Շոպենն ու Քենդրիկ Լամարը նույն ամպի վրա

19:40   2 ապրիլի, 2023

Ամպային ծառայությունները ժամանակ գլխիվայր շուռ տվեցին երաժշտական ​​արդյունաբերությունը: Ժամանակակից երաժշտասերը իր հետ ձայնասկավառակների կամ ձայներիզների տուփ  «քաշ տալու» կարիք չունի. յուրաքանչյուրը կարող է սմարթֆոնով միլիոնավոր երաժշտական ​​ստեղծագործություններ լսել առավոտյան վազքի կամ ընկերական հավաքույթների ժամանակ։ Երաժշտական թվային ծառայությունների առատությունը երբեմն կարող է վախեցնել, քանի որ սթրիմինգները, որոնք բոլորի ականջին են, ընդամենը այսբերգի երեւացող մասն են: Ո՞ր սթրիմինգն ընտրել, ինչո՞վ են դրանք ընդհանրապես իրարից տարբերվում, և ամենակարևորը՝ դրանցից ո՞րն է իր բյուջեով անձամբ ձեզ հարմար և առավելագույնս կբավարարի ձեր երաժշտական ​​կարիքները: NEWS.am STYLE-ն իր ընթերցողների համար փոքրիկ ակնարկ է  պատրաստել ամենահայտնի և մատչելի սթրիմինգային ծառայությունների վերաբերյալ:

 Փոքրիկ ուղեցույց տերմինաբանության վերաբերյալ.

Hi-Res - կոմպոզիցիայի նվագարկման ամենաբարձր որակի ձևաչափ

FLAC – lossless ձևաչափերից մեկը, անվճար կոդեկ, որը նախատեսված է ձայնային տվյալները առանց կորստի սեղմելու համար:

Աուդիո կոդավորում - անալոգային ձայնային ազդանշանների թվայնացման համակարգ, որը չափվում է կՀց-ով:

Spatial audio - տարածականության  սկզբունքով ձայնագրված աուդիոյի ապակոդավորման և նվագարկման համակարգ (աուդիոյում առարկաները գտնվում են 3D տարածության մեջ), որն օգտագործվում է ֆիլմերում և հատկապես խաղերում, այժմ հասանելի է նաև երաժշտություն լսելու համար։

CD-որակ – աուդիոյի բարձրորակ պահպանման և նվագարկման համաշխարհային ստանդարտ, որը ներկայացված է 16 բիթ / 44,1 կՀց ձևով:

Mp3 - աուդիո ձևաչափ, որը կտրում է այն հաճախականությունները, որոնք լսելի չեն մարդու ականջին, նման ձևաչափերը (.aac, .ogg) ենթադրում են ձայնի որակի որոշակի վատթարացում՝ մեծ ֆայլերը փոքր ֆայլերի սեղմելու պատճառով:

Նյութը կազմելիս օգտագործվել են ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, մամուլի հաղորդագրությունները, բիզնես պորտալների հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև YouTube–ի աուդիոֆիլ ալիքների նյութերից տվյալներ։ Պարամետրերը, որոնց վրա հիմնվել է խմբագրությունը, եղել են աուդիոֆայլի նվագարկման որակը, բաժանորդագրության արժեքը, արդյոք ծառայությունը հասանելի է Հայաստանում, բջջային և desktop հավելվածների հարմարավետությունը, ձայնադարանի չափը։

Spotify

Շվեդական այս ծառայությունն առաջատարն է ակտիվ բաժանորդների թվով. ընկերությունը 2022 թվականն ավարտել է 489 միլիոն բաժանորդ արդյունքով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտի դրությամբ Հայաստանում ակտիվ բաժանորդների թիվը կազմում է 17617 մարդ։

Դրական կողմերը

Ծառայության ձայնադարանը մշտապես թարմացվում է, երգերի քանակի մասին տվյալները տատանվում են 75-85 միլիոնի սահմաններում։

Հարմարավետ desktop հավելված՝ մեծ թվով սարքերի, ներառյալ հեռուստացույցների որոշ մոդելների աջակցությամբ (լուսանկար)

photo_2023-03-29_15-41-33 (2).jpg (57 KB)

Հարմար բջջային հավելված, գերազանց նավիգացիա (լուսանկար)

Հայաստանում բազային ամսական բաժանորդագրության արժեքը 4,99 դոլար է։

Բացասական կողմերը

Շատ օգտատերեր համաձայն են, որ Spotify-ում անհատական ​​ընտրանի կազմելու ալգորիթմները հիմնականում ունկնդրին առաջարկում են այն, ինչը նա արդեն հարյուր անգամ լսել է: Նշվում է, որ չափազանց հազվադեպ է հաջողվում նոր թրեքներով ընտրանի ստանալ (մեկ առանձին օգտվողի համար):

Առավելագույն որակը, նույնիսկ առավելագույն պայմաններով բաժանորդագրության դեպքում, ընդամենը 44,1 կՀց է: Ծառայությունն առաջարկում է որակով mp3-ի հետ համեմատելի ձևաչափեր (.aac, .ogg), այսինքն՝ ձայնային տեղեկատվության որոշակի կորստով:

Եզրակացություն

Ծառայությունը հարմար է և ունիվերսալ, հիմնական առավելությունը ընդարձակ ձայնադարանն է: Կատարյալ է ամենօրյա օգտագործման, սպորտով և այլն բաներով զբաղվելու համար: Նույնիսկ էժան ականջակալներ կամ ստերեոհամակարգեր օգտագործելիս դուք կստանաք ընդունելի որակ: Բայց աուդիոֆիլների բոլոր կարիքները, ցավոք, այն չի կարող բավարարել։

AppleMusic

photo_2023-03-29_15-41-32-1.jpg (46 KB)

Սթրիմինգային ծառայությունների շարքում պիոներ է, ակտիվ օգտատերերի քանակով երկրորդն է Spotify-ից հետո։ 2022 թվականի դրությամբ՝ ծառայությունն ունի մոտ 88 միլիոն ակտիվ բաժանորդ։

Դրական կողմերը

2022 թվականի վերջի դրությամբ ձայնադարանի ծավալը Apple-ը գնահատել է 100 միլիոն ստեղծագործություն։

Ի տարբերություն իր հիմնական մրցակցի՝ ծառայությունն աջակցում է Lossless ձևաչափին, որը նշանակում է «անկորուստ»: Բացի այդ, ծառայությունը կարող է առաջարկել 44,1 կՀց-ից մինչև 192 կՀց  որակ (ըստ երևույթին, կախված ծառայության մեջ վերբեռնված ֆայլի աղբյուրից):

Այն ունի Spatialaudio ֆորմատի աջակցություն, hարմար բջջային հավելված (լուսանկար)

Բացասական կողմերը

Չափազանց անհարմար նավիգացիա desktop հավելվածում, որտեղ հասանելի չեն Hi-Res ֆայլերը: Դրանք հասանելի են միայն iOS կամ Android համակարգերում։ (լուսանկար)

Հայաստանի տարածքից բազային ամսական բաժանորդագրության արժեքը 6,49 դոլար է։

Ինչ վերաբերում է երգերի ընտրանիներին, շատ օգտվողներ հայտնում են նույն խնդիրը, ինչ Spotify-ի դեպքում:

Եզրակացություն

Հարմարավետ և հարուստ ձայնադարանով ծառայություն՝ տարածական աուդիո ձևաչափերի աջակցությամբ և Hi-Res որակով մեծ թվով թրեքներ: Այն դուր կգա ինչպես աուդիոֆիլներին, այնպես էլ սովորական երաժշտասերներին:

YandexMusic

photo_2023-03-29_15-41-28 (3).jpg (33 KB)

Yandex Music-ը ռուսական խոշոր սթրիմինգային ծառայություն է: 2018 թվականին Հայաստանում գործարկած սթրիմինգը հարմարեցվել է տեղական երաժշտական ​​շուկային և լեզվին։

Դրական կողմերը 

Ամսական բաժանորդագրության արժեքը 1199 դրամ է։ Yandex Music-ին այժմ առանձին բաժանորդագրություն չկա, այն ներառված է Yandex Plus փաթեթում, որով դուք նաև մուտք եք ստանում Kinopoisk ծառայություն և բալերով քեշբեք՝ Yandex-ի ծառայությունների, ինչպես օրինակ, տաքսի ծառայության դիմաց վճարելու համար:

Օգտատերերը գովում են սթրիմինգն իր ընտրանու համար՝ նշելով, որ իսկապես մեծ քանակությամբ նոր երաժշտություն են ստանում։  «Моя волна»-ն («Իմ ալիքը») թրեքների անվերջանալի հոսք է, որը հարմարվում է օգտատիրոջ նախասիրություններին։

Desktop հավելվածը հարմարավետ է, բջջային հավելվածը՝ նույնպես, ունի գերազանց նավիգացիա:

Բացասական կողմերը

2022 թվականից ծառայության ձայնադարանը սրընթաց արագությամբ զրկվում է մեծ քանակությամբ արտասահմանյան երաժշտությունից, մասնավորապես՝ մեծ թվով թարմ թողարկումներից։  Ձայնադարանի ծավալի վերաբերյալ ստույգ տվյալներ այսօր ներկայացված չեն։

Ծառայությունում ներկայացված որակը 44,1 կՀց է, երգերը նվագարկվում են mp3 ձևաչափով։

Ծառայությունը կարող է օգտագործվել անվճար, բայց նվագարկման ցածր որակով, ինչպես նաև սահմանափակ՝ մինչև 30 րոպե տեւողությամբ ֆոնային լսումով:

Եզրակացություն

Չնայած սահմանափակ ձայնադարանին, ծառայությունը դեռևս կարող է ունկնդրին անծանոթ երաժշտության մեծ քանակություն առաջարկել: Այն հարմար է, էժան, և բաժանորդագրության շնորհիվ դուք կստանաք որոշակի բոնուսներ: Hi-Res-ի բացակայությունը, անշուշտ, կհիասթափեցնի աուդիոֆիլներին, սակայն ամենօրյա օգտագործման և նոր երաժշտության որոնման առումով ծառայությունը վստահորեն պահպանում է իր դիրքերը:

Qobuz

photo_2023-03-29_15-41-27 (5).jpg (31 KB)

Ֆրանսիական սթրիմինգային ծառայություն է. Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, սակայն լայն տարածում է ստացել միայն 2019 թվականին։ 2019 թվականին օգտատերերի թվաքանակը եղել է 200.000։ Քոբուզը սթրիմինգների շարքում համարվում է առաջատար՝ բովանդակությամբ որակով: Այն դիրքավորված է որպես «Hi-Res որակի համաշխարհային առաջատար»:

Դրական կողմերը

Ըստ ընկերության՝ աղբյուրների վերարտադրման նվազագույն ստանդարտը CD որակն է (թվային վերարտադրության ստանդարտ): Սակայն ծառայությունն ունի նաև Hi-Res որակով ամենաշատ թրեքները: Սթրիմինգը թրեքները նվագարկում է 44,1-ից մինչև 96 կՀց հաճախականությամբ:

Ընկերության կայքում ձայնադարանի ծավալը նշվում է 100 մլն։

Ծառայությունն ունի բրաուզերում անմիջապես նվագարկելու հնարավորություն, ինչպես նաև բավականին հարմար բջջային և desktop հավելվածներ:

Ունի հնարավորություն ինտեգրվելու հեռուստացույցի և ավտոմեքենայի Carplay և AndroidAuto համակարգերի հետ։

Hi-Fi արտադրողների մեծ գործընկերային բազա ունի:

Բացասական կողմերը

Ծառայությունը Հայաստանում ներկայացված չէ։

Ամսական բաժանորդագրության արժեքը կկազմի 12,99 GBP: Տարեկան բաժանորդագրության համար միանվագ վճարումով (129,99 GBP) մեկ ամիսը կարժենա 10,83 GBP: Գոյություն ունի բաժանորդագրության Sublime տարբերակ, որն արժե ամսական 15 GBP, բայց սովորական (Studio) բաժանորդագրությունից տարբերվում է միայն բովանդակության Hi-Res հատվածում 60% զեղչով:

Եզրակացություն

Qobuz–ն անպայման կհամապատասխանի աուդիոֆիլներին, ինչպես նաև նրանց, որոնք ցանկանում են առավելագույնը քաղել իրենց աուդիո համակարգից: Հիասթափեցնում է Հայաստանում ներկայացվածության բացակայությունը, բաժանորդագրության արժեքը: Ստեղծագործությունների անհատական ընտրանու մասին տեղեկությունները որոշեցինք չառանձնացնել որպես դրական կամ բացասական կողմ, քանի որ Qobuz–ն ավելի շատ արդեն ծանոթ երաժշտության որակի, քան նոր երաժշտությանը ծանոթանալու մասին է: Ծառայության հիմնական առավելությունը Hi-Res թրեքերով հսկայական ձայնադարանն է:

Tidal

Համարվում է Քոբուզի գլխավոր մրցակիցը։ Շվեդական արտադրության ծառայություն է՝ ԱՄՆ-ի հետ համատեղ կառավարմամբ։ Տեղեկություններ կան նախագծում ռեփեր Ջեյ Զիի ներգրավվածության մասին, որին հաջորդել է երաժշտի կողմից 80% բաժնետոմսերի վաճառքը Square-ին։ Ծառայության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այս նյութում:

Դրական կողմերը

Ինչպես նշվում է ընկերության կայքում, ձայնադարանը գերազանցել է 100 միլիոն թրեքը։

Սթրիմինգը կարող է տրամադրել ինչպես mp3 ձևաչափեր (.aac), այնպես էլ թրեքներ անկորուստ FLAC ձևաչափով և նորարարական MQA ձևաչափով:

Հարմար desktop հավելված:

Հարմար բջջային հավելված:

Բաժանորդագրության բազմաթիվ տարբերակներ, ներառյալ՝ ուսանողական և ընտանեկան:

Բացասական կողմերը

Ծառայությունը Հայաստանում ներկայացված չէ։

Ամսական բաժանորդագրությունները սկսվում են $9,99-ից և հասնում $29,99-ի:

Ընդհանուր առմամբ, ծառայությունն ավելի շատ կենտրոնացած է ամերիկյան շուկայի վրա։

Եզրակացություն

Ծառայությունը բավականին հարմար է ինչպես աուդիոֆիլների, այնպես էլ ամենօրյա օգտագործման համար։ Ինչ վերաբերում է ընտրանիներին, ապա տեղեկատվությունը շատ տարբեր է, ինչ-որ մեկը լիովին բավարարված է Tidal-ի՝ երաժշտություն ընտրելու և առաջարկելու ալգորիթմից, մեկ ուրիշը քննադատում է սթրիմինգին՝ ավելի շատ ռեփի և R’n’B-ի ուղղությամբ կողմնորոշված լինելու համար։ Եթե ​​բաժանորդագրության արժեքը և տեղայնացման բացակայությունը ձեզ համար խոչընդոտ չեն, ի վերջո դուք կստանաք արժանի և բազմակողմանի ծառայություն:

Deezer

photo_2023-03-29_15-41-27.jpg (31 KB)

Մեր ակնարկի վերջին հերոսը ևս մեկ երաժշտական ​​ծառայություն է Ֆրանսիայից։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և այսօր ներկայացված է աշխարհի ավելի քան 185 երկրներում։ Բաժանորդների թվի մասին տարբեր տվյալներ կան, սակայն տարբեր հաշվարկներով այն հասնում է շուրջ 9,4 միլիոնի:

Դրական կողմերը

Այո՛։ Ծառայությունը ներկայացված է Հայաստանում։

Deezer-ը ձեզ կտա CD որակ և ոչ մի դեպքում ավելի ներքեւ չի իջնի: Միևնույն ժամանակ, ծառայությունն առաջարկում է նաև բովանդակության նվագարկում FLAC ձևաչափով:

Հիանալի desktop հավելված և բջջային հավելված:

Ծառայությունն իր զինանոցում ունի ավելի քան 90 միլիոն թրեք:

Բացասական կողմերը

Հայաստանում անվճար լսելու գործառույթ չկա, ծառայությունն անմիջապես առաջարկում է անցնել վճարովի բաժանորդագրություններից մեկին։

Պրեմիում ամսական բաժանորդագրությունը կարժենա $10,99: Ընտանեկան բաժանորդագրությունը կարժենա 17,99 դոլար։

Ընտրության համակարգը կտրամադրի հիմնականում երաժշտություն, որը դուք արդեն գիտեք, բայց երբեմն այն կարող է ուրախացնել ձեզ մի քանի թրեքներով, որոնք ձեզ համար նոր են:

Եզրակացություն

Ծառայությունը վստահորեն զբաղեցնում է միջին դիրք, այն կարող է բավարարել առօրյա կարիքները: Deezer-ը չունի ընդգծված թերություններ, սակայն առկա առավելությունները մեծ չեն այլ ծառայությունների համեմատ։ Մեկ ամսվա անվճար փորձնական բաժանորդագրությունը (ինչպես գրեթե մյուս բոլոր սթրիմինգների դեպքում) և Deezer-ի դեպքում անձնական թեստ-դրայվի հնարավորությունը  լավագույն տարբերակն է որոշելու՝ արդյոք այս արտադրրանքը հարմար է ձեզ, թե ոչ:

Նիկիտա Ակիմով

 



© NEWS.am STYLE