«Սա այն պահն է, որ ոչ մի հնարավոր միջազգային հարթակ չպետք է բաց թողնենք»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Սլավյանսկի բազար»-ին իր մասնակցության մասին

11:05   1 ապրիլի, 2023

Հաղթանակ հաղթանակից հետո, բայց Սյուզաննա Մելքոնյանն այն արտիստներից է, ով չի բավարարվում ձեռքբերումներով եւ անընդհատ ձգտում է նոր բարձունքների, հատկապես, երբ խոսքը հայրենիք ներկայացնելու մասին է։ Ինչպես արդեն հայտնել ենք, Սյուզաննան «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում Հայաստանի այս տարվա դեսպանն է։ Երգչուհին մասնակցության առաջարկը ստացել է մրցույթի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանից․

«Քանի որ Վրեժի հետ աշխատելու փորձ ունենք, ամիսներ առաջ էլ միասին հաղթանակ ունեցանք Ղազախստանում, ունենք փոխադարձ վստահություն եւ հարգանք: Երբ նա այս մրցույթի ձեւաչափն ինձ ներկայացրեց, հասկացանք, որ սա այն պահն է, որ ոչ մի հնարավոր միջազգային հարթակ չպետք է բաց թողնենք, եւ որոշեցինք կրկին համագործակցել։ Ես շնորհակալ եմ Վրեժին՝ այն բարձր գնահատականի համար, որը միշտ ինձ տալիս է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Սյուզաննա Մելքոնյանը։ 

318433742_2378635928954230_2211951942017210408_n.jpg (58 KB)

Ղազախստանի  ALMATYM JŪREGIMDE/«Ալմաթին իմ սրտում» միջազգային երգի մրցույթում տարած հաղթանակից անմիջապես հետո որոշվել է, որ Սյուզաննան պետք է ներկայացնի Հայաստանը այս ամռանը Վիտեբսկում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթում,-«Մրցույթի կանոնադրության համաձայն՝ դեռեւս չէինք կարող բարձրաձայնել այդ մասին. այս ընթացքում քննարկումներ ունեցանք, մոտավորապես գծեցինք, թե ինչպես պետք է աշխատենք, քանի որ ամեն հնարավոր բան պետք է անենք, որ Հայաստանը պատվով ներկայանա երկու մրցութային օրերին էլ: Երբ ծանոթացա ձեւաչափին, մեծ հաճույքով համաձայնվեցի մասնակցել: Սա սարսափելի պարտավորեցնող է, հատկապես՝ իմ դեպքում. մարդիկ ինձ արդեն այլ մրցույթներում տեսել են հաղթողի կարգավիճակում, եւ քառակի պատասխանատվություն եմ կրում այդ պատճառով: Մի քիչ լարվում եմ այդ մտքից, հատկապես, որ իմ մասնակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո շատերն արդեն գրում են՝ վստահ ենք, որ կրկին հաղթելու ես»,-ասում է երգչուհին։ 

330307990_991051548713441_45182597810742327_n.jpg (196 KB)

Մրցույթն անցկացվելու է հուլիսի 12-ից 17-ը, ունենալու է երկու մրցութային օր։ Առաջին օրը մասնակիցները պետք է որեւէ սլավոնական երգ ներկայացնեն, երկրորդ օրը՝ միջազգային հիթ.

«Այս պահին աշխատում ենք երգերի ճիշտ ընտրության շուրջ, քանի որ իմ մրցութային փորձն էլ ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված երգը մրցույթում հաղթանակի կեսն է: Կան, իհարկե, երգերի տարբերակներ, դրանք մոտ օրերս կհստակեցվեն»:

336799245_111696798550480_3243598014853585681_n.jpg (257 KB)

Սյուզաննան, ինչպես միշտ, հաղթանական է տրամադրված․ ասում է՝ այս անգամ էլ գնում է հաղթելու ու բարձր հորիզոնականով վերադառնալու նպատակով,-«Դրա համար պետք է շատ աշխատել ու լավ պատրաստվել, ինչին ես պատրաստ եմ: Բայց, առաջին հերթին, ուզում եմ, որ Հայաստանի պատիվն, իսկապես, բարձր մնա, եւ շատ գեղեցիկ ներկայանանք: Այո, ես իմ անունից միայն չեմ խոսում, որովհետեւ մի ամբողջ երկիր եմ ներկայացնում, ինչն ամեն անգամ մեծ պատասխանատվություն է: Աստված առաջ, վստահ եմ՝ լավ աշխատանքի դեպքում կունենանք լավ արդյունք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզաննայի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE