Հայտնի է «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում սպանության գործով առաջին դատավճիռը

12:33   2 ապրիլի, 2023

«Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության գործով առաջին անձը, որը դատապարտվել է՝ ռեժիսորի օգնական Դեւիդ Հոլսն է։ Նա դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման, հայտնում է Variety-ն:

Օպերատորը մեղավոր է ճանաչվել մահաբեր զենքի անզգույշ գործածության մեջ։ Նա չի վիճարկել առաջադրված մեղադրանքը՝ ավելի վաղ Հոլսը գործարք է կնքել դատախազության հետ, ըստ որի՝ նա պետք է իր պատիժը կրի պայմանական ժամկետով։ Նա խոստովանել է, որ չի ստուգել ատրճանակի յուրաքանչյուր պարկուճը, ինչպես պետք է, նախքան զենքը կհայտնվեր Ալեք Բոլդուինի ձեռքում։

Սպասվում է, որ Հոլսը ցուցմունք կտա մայիսին կայանալիք նախնական լսումների ժամանակ, որտեղ կքննարկվեն Բոլդուինի դեմ մեղադրանքները։ Մյուս մեղադրյալը կլինի զենքի մասնագետ Հաննա Գուտիերես-Ռիդը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել էր օպերատոր Գալինա Հաթչինսին եւ վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային կեղծ զենքից, որը, պարզվել է՝ լիցքավորված է եղել փամփուշտով։ Նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ:

Ողբերգության օրը Գուտիերես-Ռիդն ատրճանակը լիցքավորել է ռեկվիզիտային փամփուշտներով, որոնք, ենթադրաբար, դատարկ են եղել: Հոլսը ստուգել է զենքը եւ այն հանձնել Բոլդուինին՝ ասելով, որ ատրճանակը լիցքավորված չէ մարտական ​​փամփուշտներով։ Դրանից հետո դերասանը մահացու կրակոց է արձակել։ Ինքը հայտարարել է, որ ձգանը չի սեղմել, բայց դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ զենքը չէր կարող ինքնուրույն կրակել։ Ողբերգական դեպքի պատճառով Բոլդուինի կարիերան տուժեց, նա կորցրեց բազմաթիվ պայմանագրեր։



© NEWS.am STYLE