16:11 10 ապրիլի, 2023Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավական ակտիվ է այս շրջանում։ Վերջերս նա հանդիսատեսին ներկայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման շրջանակում, օրերս վարեց «Սանսեթ Բուլվար» համաշխարհային մյուզիքլի երեւանյան պրեմիերայի կարմիր գորգը, իսկ այսօր իր թիմի հետ հանդիսատեսի դատին կհանձնի նոր նախագիծ՝ «Hotel Grand»-ը, որի գործադիր պրոդյուսերն է հանդիսանում։ Հումորային ժանրի նախագծի գլխավոր պրոդյուսերն ու ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։ Սա Իննայի եւ Գոշի երկրորդ պրոդյուսերական համագործակցությունն է (առաջինը «Ճիշտ այդպես» հաղորդման շրջանակում էր)։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նոր նախագծի, եւ կադրից դուրս աշխատանքի մասին։

««Hotel Grand»-ը հումորային ժանրի նախագիծ է, բայց այն սիտքոմ անվանել չի կարելի: 10 մասից բաղկացած ֆիլմ է՝ եւ կոմեդիա է, եւ դրամա: Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է: Ի սկզբանե այլ բան էր որոշված ստեղծել, բայց ստեղծագործական քննարկումները շատ սպոնտան կերպով ծնունդ տվեցին «Hotel Grand»-ին: Ինսայթ էր, իսկ ինսայթները հաջողում են անկասկած: Անին մեծ ոգեւորությամբ է աշխատում այս նախագծի շուրջ․ դա արդեն իսկ առաջին ձեռքբերումն է»,-նշում է դերասանուհին։
Նախագծի գլխավոր հերոսի դերում Հակոբ Տեր-Վարդանյանն է, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարիամ Ալեքսանյանը։ «Մարիամն ու Հակոբը չտեսնված քիմիա ունեն, միանշանակ ստացված զույգ է»,-ասում է Իննան։

Դերասանական կազմում հեռուստադիտողը կտեսնի նաեւ Դավիթ Հակոբյանին, Իրինա Հարությունյանին, Միկա Ղափլանյանին, Հայկ Պետրոսյանին, Ժաննա Վելիցյանին, Վաչե Երիցյանին, Իրինա Այվազյանին, Սամվել Դանիելյանին, Կարեն Ճաղարյանին ու այլ ծանոթ դեմքերի:
«Մենք ունենք նաեւ դերասաններ, ովքեր 1-2 սերիայի շրջանակում հյուր են գալիս Հոթել Գրանդ, եւ ում շուրջ գեղեցիկ պատմություն կա ստեղծված. Մուրադ Նադիրյանը, Սիսիան Սեփանյանը, Ելենա Վարդանյանը եւ այլք»,-հավելում է Իննան։

Անդրադառնալով իր պրոդյուսերական գործունեությանը եւ անձամբ նոր ֆիլմում չնկարահանվելու որոշմանը՝ դերասանուհին նշում է․
«Վերջին 5 տարիներին էկրանների առջեւում լինելուց հետո անցնել կադրից այն կողմ դերասանուհու համար, գուցե, բարդ է: Բայց «Hotel Grand»-ն իմ պրոդյուսերական առաջնեկն է ֆիլմարտադրության ոլորտում, եւ կադրից այն կողմ տարվող ահռելի աշխատանքին որպես դերասանուհի միանալը ոչ միայն չէր լրացնելու պրոցեսն այս պահին, այլեւ կխանգարեր, ու նախագիծը կտուժեր: Ես չեմ լքել էկրանները, իմ մասնակցությամբ, վստահաբար, դեռ լինելու են նախագծեր»:

Իննայի խոսքով՝ մեծ ու պատասխանատու գործ են հանձն առել, որը հեշտ չի տրվելու: «Պատասխանատվություն ենք կրում հսկայական թիմի, հեռուստաընկերության ու հեռուստադիտողի առջեւ: Բնականաբար, մնում է միայն փոխլրացնել միմյանց, ամբողջ ուժով ու էնտուզիազմով կցվել գործին: Ես էլ, Գոշն էլ անում ենք ամեն բան նախագիծը պատվով հանրությանը ներկայացնելու եւ հաջողելու համար»:
Նախագիծը եթեր կհեռարձակվի «ATV» հեռուստաընկերությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին, ժամը՝ 23:00-ին:






Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը