Բոտոքսի ներարկումները կարող են փչացնել հարաբերությունները

23:32   10 ապրիլի, 2023

Բոտոքսի ներարկումները կարող են ոչնչացնել հարաբերությունները, քանի որ դրանք դժվարացնում են զգացմունքները ճանաչելը, ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Գիտնականները նախկինում զգուշացրել էին, որ բոտոքսը կարող է խանգարել մարդկանց՝ ուղեղից դեմքին ուղղված արձագանքին, ինչը դժվարացնում է զգացմունքները կարդալը: Այսպիսով, պարզվում է՝ սա նաեւ կարող է վատ լուր լինել ինչպես սիրահարված զույգերի, այնպես էլ սեռական կապեր փնտրող ամուրիների համար։

«Սովորաբար, երբ մենք տեսնում ենք դեմքի արտահայտություն, մենք անգիտակցաբար ընդօրինակում ենք այն, որպեսզի կարողանանք ճանաչել»,-South West News Service-ին ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Ֆերնանդո Մարմոլեխո-Ռամոսը՝ Հարավային Ավստրալիայի համալսարանից: «Այսպիսով, գեղեցկության հայտնի ներարկումներից հետո դուք, գուցե, չկարողանաք զգալ այլ մարդկանց զգացմունքները այնքան ինտենսիվ կամ վառ, որքան կցանկանայիք»:

Բոտոքսն առավել հաճախ օգտագործվում է արտահայտման գծերի, աչքերի շուրջ ծալքերի, ճակատի կնճիռների նվազեցման համար, բայց այն կարող է օգտագործվել նաեւ բժշկության մեջ՝ միգրենի, պարանոցի սպազմի, քրտնարտադրության եւ գերակտիվ միզապարկի բուժման համար:

Գիտնականները հետազոտել են 33-ից 40 տարեկան 10 կանանց ուղեղը, նախքան նրանց՝ բոտոքսի ներարկումներ ստանալը, եւ դա կրկնել են երկու-երեք շաբաթ անց:

Ըստ New Scientist-ի՝ կամավորները չէին կարողանում խոժոռվել կամ ժպտալ: Ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ գիտնականները վերլուծել են զայրացած եւ ուրախ դեմքերի լուսանկարները՝ չեզոք դեմքերի համադրությամբ:

Ներարկումներից հետո մասնակիցների ուղեղի ակտիվությունը փոխվել է երկու հատվածում։ Երբ մարդու դեմքի մկանները նմանակում են մեկ այլ մարդու դեմքի արտահայտությունը, նրանք ազդանշաններ են ուղարկում ուղեղի այդ հատվածներին: Բայց քանի որ բոտոքսը կաթվածահար է անում մկանները եւ սահմանափակում շարժումները, դեմքի մկանների եւ ուղեղի միջեւ ազդանշանը կարող է ընդհատվել: Հետեւաբար՝ ավելի քիչ կրքոտ արձագանքներ մարդկային, եւ, նույնիսկ, ռոմանտիկ կամ սեռական փոխհարաբերություններում՝ բացատրում է Մարմոլեխո-Ռամոսը:

Պարզվել է, որ բոտոքսը դանդաղեցնում է «դեմքի հետադարձ կապի հիպոթեզը», որը թույլ է տալիս մարդկանց ինտուիտիվ կերպով արտացոլել մեկ այլ մարդու դեմքի արտահայտությունը՝ նրա զգացմունքները բացահայտելու եւ զգալու համար:

Ըստ UCSF Health-ի գնահատականի՝ աշխարհում 11 միլիոն մարդ օգտագործում է բոտոքս, ինչը այն դարձնում է ամենատարածված ոչ վիրաբուժական կոսմետիկ ընթացակարգերից մեկը:



© NEWS.am STYLE