Balenciaga-ն կրկին հայտնվել է առցանց քննադատության թիրախում՝ այս անգամ ձեռնոցով տարօրինակ պայուսակի պատճառով

20:38   12 ապրիլի, 2023

Balenciaga նորաձեւության տունը կրկին հայտնվել է առցանց քննադատության թիրախում՝ այս անգամ ձեռնոցով տարօրինակ պայուսակի պատճառով։

сумка.jpg (24 KB)

Մարդիկ ծաղրում են նորաձեւության շքեղ ապրանքանիշն իր Glove Large Tote Bag-ի համար, որը կարելի է կրել ուսի վրայով, բայց ձեռքն անցնում է բռնակի միջով եւ վերածվում ամբողջ երկարությամբ ձեռնոցի: Պայուսակը Balenciaga Summer 23 հավաքածուի մի մասն է եւ հասանելի է սեւ կամ նեոնային վարդագույնով։ Արժեքը՝ 4290 դոլար:

Քանի որ ձեռնոցը «ներկառուցված է», պայուսակը կարելի է կրել միայն աջ ուսի վրա, ինչն այնքան էլ հարմար չէ ձախլիկ թրենդասերների կամ նույնիսկ աջլիկների համար, ովքեր ձեռքի հետ կապված խնդիրներ ունեն:

сумка1.jpg (18 KB)

Ձեռնոցով պայուսակը պատրաստված է «հորթի հարթ կաշվից»՝ «ոչխարի կաշվից ներդիրով» եւ ունի ներսի երկու գրպան։ Կայքում պայուսակի նկարագրության մեջ ասվում է. «Աջ ուսին կրելու համար 1 ֆիքսված ձեռնոց»։

«Եթե ես հարուստ լինեի, ես կօգտագործեի Balenciaga-ի այս ձեռնոցը/պայուսակը զուգարանը մաքրելու եւ լոգարանի հատակը լվանալու համար»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Սա առաջին անգամը չէ, որ Balenciaga-ի տարօրինակ հայտարարությունը բրենդը դարձնում է ծաղրի առարկա: Նորաձեւության լեյբլը քննադատության է ենթարկվել իր արտասովոր եւ թանկարժեք ստեղծագործությունների համար, ինչպիսիք են 1790 դոլար արժողությամբ պայուսակը, որը հիշեցնում է աղբի տոպրակ, 360 դոլար արժողությամբ լազերից «ոչնչացված» գլխարկը եւ 5000 դոլարից ավելի արժողությամբ անցքերով «կեղտոտ» հանդերձանքները:



© NEWS.am STYLE