Հայ շոկոլադագործ Ջո Տերպողոսյանի պատմությունը

12:20   16 ապրիլի, 2023

Mignon Chocolate-ը երրորդ սերնդի ընտանեկան բիզնես է, որը մասնագիտացած է ձեռագործ շոկոլադի եւ տրյուֆելների արտադրության մեջ, որոնք ունեն խանութներ Գլենդելում եւ Փասադենայում: Բայց հենց քաղցրավենիքներից ավելի հետաքրքիր է պատմությունն այն մասին, թե ինչպես է Mignon-ը ծնվել եւ գոյատեւել՝ չնայած կյանքի շրջադարձերին:

Mignon գործարանում ամեն ինչ ձեռագործ է եւ ներկայացված է փոքր խմբաքանակներով: «Այն, ինչ մենք անում ենք այստեղ, մենք անում ենք զրոյից: Հետեւելով ընտանեկան ավանդույթներին եւ բաղադրատոմսերին»,- FOX 11-ին ասել է Ջո Տերպողոսյանը:

Ամեն մանրուք անձամբ վերահսկում է երրորդ սերնդի շոկոլադագործ Տերպողոսյանը։

«Ես ընտանիքի առաջին թոռն էի, ուստի գիտեի, որ պետք է ինչ-որ բան անեմ դրա հետ։ Ես սիրում եմ շոկոլադ», - ասել է Տերպողոսյանը։ Նրա խոսքով՝ 2002թ.-ին ինքը դարձել է ընտանեկան բիզնեսի լիիրավ սեփականատեր. «Իմ մտադրությունն էր շարունակել հետեւել ընտանեկան բաղադրատոմսերին։ Սակայն պայմանների ու ճաշակի փոփոխության հետ ավելացրել ենք մոտ 30-40 նոր համեր։ Դրանցից որոշներն ունեն այլ գրավչություն։ Օրինակ, այս օրերին մենք օգտագործում ենք շատ համեմունքներ, ինչպիսիք են կոճապղպեղը, հիլը, դարչինը եւ ծովի աղը: Եվ դա այն է, ինչ մարդկանց դուր է գալիս մեր օրերում»,- նշել է նա։

Մինչ Տերպողոսյանը շարունակում է ժամանակին համընթաց նորամուծություններ անել, սակայն կա մի բան, որում նա չի գնա զիջումների։ Դա այն է, ինչն առանձնացնում է Mignon-ին: «Մենք երբեք չենք ունեցել որեւէ քիմիական կամ կոնսերվանտ, որը երկարացնում է շոկոլադի պահպանման ժամկետը»,- ասել է Տերպողոսյանը։

Բացի գեղեցիկ ներկայացումից եւ հիանալի համից, ոչ պակաս հետաքրքրաշարժ է նաեւ այն պատմությունը, թե ինչպես է այս ընկերությունը ստեղծվել եւ գոյատեւել:

«1910-1915 թվականներին՝ Ցեղասպանության ժամանակ, պապիկիս ընտանիքը Հայաստանից գաղթել է Խարկով»,- պատմել է Տերպողոսյանը։ Ընտանեկան բիզնեսը սկսվել է հաց ու բագետ վաճառող փռից։  

Տերպողոսյանի պապը՝ Հովսեփը, հաջողությամբ ղեկավարել է բիզնեսը 20 տարի՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ «Երբ կոմունիստները եկան, պահանջեցին, որ նա հանձնի իր ողջ ոսկին, որ կուտակել էր տարիների ընթացքում։ Նա նրանց տվել է մի մասը, բայց ոսկու մեծ մասը թաղել է իր տան բակում: Հետո նրանք ինչ-որ կերպ մացել են ու նրան ձերբակալել։ Նրան վեց տարով ուղարկեցին Սիբիր»։

Տերպողոսյանի տատիկն Իրան է տեղափոխվել 1933 թվականին։ Իսկ վեց տարի անց Հովսեփը կարողացել է միանալ ընտանիքին ու վերականգնել ընտանեկան բիզնեսը։ Այդ ժամանակ նա բախվել է բազմաթիվ խնդիրների ու կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում։ Բայց գործը շարունակվել է։

«Հայրս ծնվել է 1938 թվականին, նա ի վերջո սկսել է զբաղվել բիզնեսով եւ դեռ 1960-ականներին նա բերեց շոկոլադի գաղափարը: Նա հորեղբորս հետ ճանապարհորդել է Եվրոպայով, տեխնիկա են գնել։ Իսկ 1969 թվականին նրանք շոկոլադի մեծ բիզնես ունեին»,- ասել է Տերպողոսյանը։

Mignon-ը մեծ տարածում գտավ Թեհրանում։ Տերպողոսյանի հորը՝ Ռուբենին անվանում էին «շոկոլադի արքա»։ Նա ի վերջո կարողացավ գրավել շահի եւ թագավորական ընտանիքի ուշադրությունը: Ռուբենն անձամբ ծննդյան տորթ է հասցրել պալատ Ֆարահ թագուհու համար 1969 թվականին:

шоколад.jpg (32 KB)

2021 թվականին Ռուբենը մահացել է COVID-ի հետ կապված բարդությունների պատճառով։ Նրա մայրը մինչ այժմ շոկոլադի խանութ է ղեկավարում Թեհրանում։

Տերպողոսյանն ասում է, որ 2014 թվականի շոկոլադի բումը բիզնեսին մեծ զարկ տվեց։ Եվ տարիների ընթացքում Mignon-ը կարողացել է ներթափանցել հարսանյաց եւ խնջույքների արդյունաբերություն՝ առաջարկելով պատվերով երեկույթներ:

шок.jpg (53 KB)

Տերպողոսյան. 1988 թվականից ապրում է Գլենդելում։ Նա ասում է, որ բացի հաջողակ բիզնես վարելուց, կարեւոր է պարտքը վերադարձնել հասարակությանը։ Mignon-ն աջակցում է տեղական դպրոցներին եւ քաղաքային ծրագրերին ամբողջ տարվա ընթացքում: «Ամեն ինչ հնարավոր է, դու կարող ես անել այն ամենը, ինչի մասին երազում ես»: Տերպողոսյանի երազանքն է՝ շարունակել պապի ու հոր գործը՝ ավելի քաղցրացնելով մարդկանց կյանքը։

 



© NEWS.am STYLE