Դերասան Արմի Համերը հետաքննվում է բռնաբարության, կանիբալիզմի մեղադրանքով

11:18   18 ապրիլի, 2023

Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը հետաքննում է դերասան Արմի Համերի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքները, որոնք ներկայացվել են նրա նախկին ընկերուհու կողմից:

«Ես կարող եմ հաստատել, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել Արմի Համերի դեմ (Լոս Անջելեսի շրջանային դատախազություն): Այս հարցը ներկայումս վերանայման փուլում է»,- CNN-ին ասել է դատախաղության մամուլի քարտուղար Թիֆինի Բլեքնելը՝ չհստակեցնելով, թե ով է բողոք ներկայացրել։

Թեեւ պնդումների մանրամասները պարզ չեն, սակայն հայտնի է, որ դերասանի նախկին ընկերուհին՝ 26-ամյա Էֆի Անգելովան, 2021 թվականին նրան մեղադրել է «դաժան» բռնաբարության եւ «հոգեկան, էմոցիոնալ ու սեռական բռնության» մեջ։ 36-ամյա Համերը հերքում է ամեն ինչ եւ այդ գործով մեղադրանք չի առաջադրվել։

Համերին նաեւ որոշ կանայք մեղադրել են կանիբալիզմի եւ ԲԴՍՄ ֆանտազիաներից կախվածության մեջ:

Վերջերս դերասանը բացահայտել է, որ նեգատիվ ռեակցիայի ֆոնին մտածել է ինքնասպանության մասին: «Ես պարզապես դուրս եկա օվկիանոս եւ լողացի որքան կարող էի եւ հույս ունեի, որ կա՛մ կխեղդվեմ, կա՛մ շնաձուկը կուտի», - հայտարարել է Համերը։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ իմ երեխաները դեռ լողափում են, եւ որ ես չեմ կարող նման բան անել իմ երեխաների հետ», - հավելել է դերասանը, ով երկու երեխա ունի իր նախկին կնոջից։  

Նա խոստովանել է, որ էմոցիոնալ բռնության է ենթարկել իր նախկին զուգընկերներին։ «Ես այստեղ եմ, որպեսզի խոստովանեմ իմ սխալները, պատասխանատվություն ստանձնեմ ապուշ, եսասեր լինելու համար, որ ես մարդկանց օգտագործում էի ինձ ավելի լավ զգալու համար, եւ երբ դա արեցի, առաջ անցա», - ասել է նա:

Համերն իր այլասերված պահվածքը կապում է մանկության տրավմայի հետ՝ պնդելով, որ իրեն 13 տարեկանում բռնաբարել է հովիվը։



© NEWS.am STYLE