Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

12:08   18 ապրիլի, 2023

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը Ֆիլհարմոնիայի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր»‎ մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 25-ին, ժամը 19:00 հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Կհնչեն Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։

Հաջորդ օրը, ապրիլի 26-ին, նույն դահլիճում Ալեքսեյ Լյուբիմովը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Այնուհետև ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա դաշնամուրի լեգենդի մենահամերգը։ Դասական ու ժամանակակից երաժշտությունից բացի՝ Լյուբիմովը կկատարի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Մանսուրյան)։

Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։  Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ 



© NEWS.am STYLE