Հայ լուսանկարչուհի Անուշ Բաբաջանյանը հաղթող է ճանաչվել «World Press Photo 2023»-ի «երկարաժամկետ նախագիծ անվանակարգում»

11:28   21 ապրիլի, 2023

Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը հաղթող է ճանաչվել «World Press Photo 2023»-ի «երկարաժամկետ նախագիծ անվանակարգում»։ Մրցանակները ստացել են Կենտրոնական Ասիայում ջրի սակավության մասին նրա «Battered Waters» նկարները VII Photo-ի եւ National Geographic Society-ի համար:

«Այն ժամանակ, երբ ես սկսեցի լուսանկարել այս նախագիծը Ղազախստանում, այն անուն չուներ, եւ ես քիչ էի պատկերացնում, թե ինչպես եմ դա անելու: Բայց Միրնի գյուղի այս խճանկարն ինձ տվեց այն սկիզբը, որը ես փնտրում էի։ Դա ինչ-որ կորած բանի խորհրդանիշ էր»,- իր Instagram-ում գրել է Բաբաջանյանը։

Անուշ Բաբաջանյանը լուսանկարիչ է, ում աշխատանքը կենտրոնացած է սոցիալական եւ անձնական պատմությունների վրա: Նա հանդիսանում է VII Photo Agency-ի եւ National Geographic-ի անդամ։

Բաբաջանյանն ավելի քան վեց տարի է, ինչ լուսանկարում է Լեռնային Ղարաբաղում եւ կադրերը հավաքել է իր «Անհանգիստ տուն» գրքում: Բացի Հարավային Կովկասի տարածաշրջանում իր աշխատանքից, Բաբաջանյանը լուսանկարում է Կենտրոնական Ասիայում, որտեղ աշխատում է բնապահպանական պատմությունների վրա:

2019 թվականին նա դարձել է Canon կանանց ֆոտոլրագրության դրամաշնորհի հաղթող։ Նրա լուսանկարները ցուցադրվել են The New York Times-ում, The Washington Post-ում, National Geographic-ում, Foreign Policy ամսագրում եւ այլ միջազգային հրատարակություններում:



© NEWS.am STYLE