Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05   24 ապրիլի, 2023

NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր իրադարձություն, որոնց ականատեսը կարող եք դառնալ այս շաբաթ։ Թատրոնից մինչեւ համերգ եւ ցուցահանդես․ վստահ ենք՝ ցանկում կգտնեք այն, ինչ ձեզ է հետաքրքրում։ 

Ապրիլի 25. Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կկայանա «Զոնա» ներկայացման պրեմիերան։ Սյուժեն հետեւյալն է՝ քրեակատարողական հիմնարկում մշակութային կյանքը ակտիվացնելու նպատակով հրավիրվում է ռեժիսոր, որը պիտի բեմադրի Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունը։ Քանի որ դերասանները կալանավորներն են լինելու, հավատացեք, պետք չէ վառ երեւակայություն ունենալ պատկերացնելու համար, թե ինչ փորձությունների միջով է անցնելու ռեժիսորը։ Ներկայացման սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ։ 

Ապրիլի 26. Կոնստանտին Վոլոստնովն առաջին անգամ հանդես կգա մենահամերգով եւ կներկայացնի 20-21-րդ դարերի ռոմանտիկ ստեղծագործություններ։ Համերգի ընթացքում տեղի կունենա երկու համաշխարհային պրեմիերա՝ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք պիես երգեհոնի համար» (2021 թ.) եւ Արման Ղուշչյանի «Երգեհոնային պատարագից» երկու հատված (2022 թ.): Հոգեւոր եւ սիմֆոնիկ երեկոն տեղի կունենա Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ։ 

Ապրիլի 26. Detectit քվեստ-խաղ։ Զգացեք իրական դետեկտիվ, որը հետաքննում է հանցագործությունը: Detectit-ը 5 ռաունդանոց թիմային խաղ է, որը բաղկացած է լուծվող հանելուկներից։ Այս անգամ խաղերի 10-րդ սերիան է եւ սերիական մարդասպանի պատմությունը։

Տոմսերի արժեքը 4000 դրամ է(նախապես գրանցումը պարտադիր է): Անցկացման վայրը՝ Hard Rock Cafe

Ապրիլի 27. Կամերային երաժշտության կենտրոնում տեղի կունենա Simple Music Ensemble-ի համերգը:

Պրոֆեսիոնալ երաժշտական ​​խումբը կկատարի հայտնի անիմե ստեղծագործություններ։ Simple Music Ensemble-ը հայտնի է ֆիլմերից հայտնի երաժշտական ​​ստեղծագործությունների իրենց օրիգինալ մշակումներով:

Ապրիլի 27. Mezzo ակումբը հրավիրում է վայելելու Feel The Beat քավր բենդի համերգային ծրագիրը, որտեղ կհնչեն հայտնի ու սիրված հիթեր՝ էներգետիկ ու ինքնատիպ մոտեցումներով։ Համերգը կմեկնարկի 21:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ։ 

Ապրիլի 28․ Եթե աճպարարության սիրահար եք, ուրբաթ երեկոն անցկացրեք Գոյ թատրոնում։ Միջազգային կարգի պրոֆեսիոնալ մոգ եւ աճպարար Վարդան Ամիրյանը ներկայացնում է «Հրաշագործը» կախարդական երեկոն: Ըստ կազմակերպիչների՝ երեկոյի ընթացքում ականատես կլինեք աճպարարական հնարքների յուրովի ներկայացման, կլինեն նաեւ հոգեբանական վարժություններ ( ՀԻՊՆՈՍ): Միջոցառումը 19:00-ին է, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։

Ապրիլի 29. Տունն ուղղակի տեղ չէ․ դա քո անվնտանգության զգացումն է, քո իսկ տեղում լինելու զգացողությունը․ Բաբելոն թատրոնը հրավիրում է յուրահատուկ ցուցահանդեսի՝ ֆիզիկական եւ հոգեւոր տան մասին։ Նկարիչներ`Anastasia Rykunova, Mikhail Leshchov, Daniel Strelnikov։ Երաժիշտներ՝ BassTards։ Երեկոյի սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը` 3000 դրամ։ 

Ապրիլի 30․ Այս կիրակին կնշանավորվի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգով, որը տեղի կունենա Գաֆէսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր)։ Սկիզբը՝ 18:00-ին։ Ելույթ կունենան Էրիկ Տրյուֆազին, Դաֆեր Յուսեֆին, «Պիանոֆորտե» բենդերը, Վահագն Հայրապետյանը, «Կատուներ» բենդը եւ Լեւոն Մալխասյանը։ Մուտքն ազատ է։

Ապրիլի 29-30. Լեգենդար ռուս երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը համերգով հանդես կգա Երեւանում։ Նա «Ակվարիում»-ի երաժիշտների հետ միասին ելույթ կունենա Platform ակումբում։



© NEWS.am STYLE