«Հենց հիմա Ադրբեջանը փորձում է սովամահ անել Արցախի 120 հազար հայերին»․ Քրիս Բոջալյան

13:29   24 ապրիլի, 2023

Ադրբեջանն այս պահին փորձում է սովամահ անել Արցախի 120.000 հայերին։ Էթնիկ զտումները շարունակվում են։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է հայազգի հայտնի ամերիկացի գրող Քրիս Բոջալյանը։

«108 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն այս պատմության մասին, մինչեւ հիմա ծանոթ են «սոված հայեր» արտահայտությանը։ Ադրբեջանը հենց հիմա փորձում է սովի մատնել Արցախի 120.000 հայերին։ Էթնիկ զտումները շարունակվում են»,- նշել է նա։

Քրիս Բոջալյանը հայկական արմատներով ամենահայտնի ժամանակակից ամերիկացի գրողներից է։ Նա 18 վեպի հեղինակ է, որոնք վաճառվել են միլիոնավոր օրինակներով։ Բոջալյանի «Մանկաբարձուհիները» վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Հայկական թեմայով Բոջալյանը գրել է «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը։



© NEWS.am STYLE