«1 ու կես միլիոն հայ սպանվեց թուրքերի կողմից՝ ներառյալ մորս ընտանիքը։ Թուրքերը մինչ օրս հերքում են կատարվածը»․ Vogue-ի հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյան

20:31   24 ապրիլի, 2023

Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, որն աշխատում է Լիլի-Ռոուզ Դեփի, Վանեսա Պարադիի, Միլա Յովովիչի, Սթելլա Մաքսվելի եւ համաշխարհային ճանաչում ունեցող այլ հայտնիների հետ, այսօր՝ Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, վերհիշել է իր նախնիների պատմությունը։ Լուսանկարիչը նշել է, որ թուրքերի կողմից ջարդերի հետեւանքով սպանվել են եւ հոր, եւ մոր կողմի ազգականները։ Մուշեղյանն իր ինստագրամյան էջի հետեւորդներին պատմել է 1895-ից սկսած ու մինչ օրս շարունակվող սպանությունների մասին՝ դատապարտելով Թուրքիայի ու դաշնակից այլ երկրների լռությունն ու հերքումը։  

«1895 թ․ 300 հազար անմեղ հայ սպանվեց թուրքերի կողմից։ Նրանց թվում էր նաեւ հորս ընտանիքը։ Հայկական հողերը, ունեցվածքը զավթվեցին։ Թուրքերը մինչ օրս հերքում են կատարվածը։ 

1915 թ․ 1 ու կես միլիոն հայ սպանվեց թուրքերի կողմից՝ ներառյալ մորս ընտանիքի անդամները։ Թուրքերը մինչ օրս հերքում են կատարվածը։ 

1918 թ․ Հայկական հողերը զավթվում են եւ Ռուսաստանի կողմից շնորհվում մի անանուն երկրի, որը շուտով պետք է կոչվեր Ադրբեջան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от David Mushegain (@davidmushegain)

1992 թ․ Հայերը կռվեցին Ադրբեջանի դեմ՝ իրենց հողերը վերադարձնելու համար։ Հայերը հաղթեցին, բայց ստիպված էին կանգ առնել Ռուսաստանի պարտադրանքով։

2020 թ․ Ադրբեջանն ու Թուրքիան, միավորվելով Պուտինի/Ռուսաստանի հետ, եւ զինվելով Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարած զենքերով, սպանեցին անմեղ հայերի, զավթեցին նրանց հողերը՝ շարունակելով հայերի ցեղասպանության իրենց փորձը։ Այս ամենի հետեւանքով ոչնչացվեցին պատմական նշանայություն ունեցող հարյուրավոր  վանքեր եւ եկեղեցիներ։ Թուրքիան ու Ադրբեջանը մինչ օրս հերքում են նաեւ սա։ Ինձ համար նաեւ ցավալի է այն, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ երկիրը, որը ժամանակին դարձել էր Հոլոքոսթի զոհ, հիմա միացել է հայերի դեմ ցեղասպանության գործընթացին։ Ամոթ ձեզ»,-գրել է հայտնի լուսանկարիչը։

Նա նաեւ անդրադարձել է Արցախի շրջափակմանն ու Ադրբեջանի կողմից հայկական սահմաններին ուղղված կրակոցներին, որոնց հետեւանքով շարունակվում են զինծառայողներ զոհվել,- «Մաղթում եմ, որ Թուրքիան ու բոլոր այն ազգերը, ովքեր լուռ են ու հերքում են ցեղասպանության պատմությունն ու այս ագրեսիաները, պատժվեն այնքան ժամանակ, մինչեւ որ կընդունեն իրենց սխալը եւ ներում կհայցեն մի բանի համար, որն աններելի է»,-եզրափակել է Մուշեղյանը։



© NEWS.am STYLE