Ինչպե՞ս հնդիկ երգիչ SERAIAH-ն սիրահարվեց Հայաստանին ու իր «Մեծ Եղեռն» երգով աշխարհին պատմեց Հայոց ցեղասպանության մասին (վիդեո)

22:05   4 մայիսի, 2023

Ազգությամբ հնդիկ երաժիշտ Ռոշանը, որն առավել հայտնի է Seraiah բեմական անվամբ, ասում է՝ դեռահասության տարիներից է հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ, ցավ ապրել ցեղասպանության մասին կարդալով. 2020-ին, արցախյան պատերազմի շրջնում եղել է այստեղ ու հասկացել՝ իր ուժերի սահմանում ցանկանում է օգնել հայ ժողովրդին: Նիդերլանդներում բնակվող արտիստը ապրիլի 24-ին ներկայացրել է «Մեծ Եղեռն» ստեղծագործությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Իմ սերը Հայաստանի նկատմամբ շատ խորն է: Եթե կարդաք երգի խոսքերը, կհասկանաք այդ խորությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվել է ավագ դպրոցում, երբ դեռ դեռահաս էի: Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի դեռ, բայց մենք մի դաս ունեինք Ապրիլի 24-ին ընդառաջ, եւ իմ թուրք համադասարանցիներից շատերն ինձ ասում էին՝ գիտե՞ս այդ ցեղասպանությունը, որի մասին խոսում են, իրականում չի կատարվել: Ես սկսեցի ինքս ինձ մտածել՝ ինչպե՞ս են նրանք այսքան վստահ դա պնդում, այդպիսով սկսեցի ինքս ուսումնասիրություններ կատարել: Ես Քրիստոնյա եմ, եւ երբ ես կարդում էի քրիստոնեության պատմությունը, ինձ հետաքրքրեց ավելին իմանալ: Եվ ես նաեւ կարդացի այդ սարսափելի ոճրագործության մասին, որի պատճառով հայ ժողովուրդը տառապել է: Փաստորեն, ոչ ոք չկար, որ օգներ նրանց: Այդ փաստն ինձ, իսկապես, հուզեց»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց արտիստը։

Տեսահոլովակը հնդիկ երաժիշտը նկարահանել է անցած տարի՝ ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ: Ռեփ հատվածի խոսքերի հեղինակը հենց ինքն է, կրկներգը կատարում է Մանյա Մաթեւոսյանը, որն էլ հեղինակել է իր հատվածի խոսքերը:

«Առաջին անգամ, երբ այստեղ էի, ինքս ինձ խոստացա, որ իմ կողմից ամեն հնարավորինը կանեմ հայ ժողովրդին օգնելու համար՝ ցեղասպանության մասին խոսելով: Գիտեի, որ իմ տաղանդը երաժշտություն ստեղծելն է: Այդպիսով, միտքն այստեղ հասունացավ, եւ վերջապես եփվեց իմ գլխում ավելի ուշ: Երբ ես արդեն զվաղված էի երաժշտություն ստեղծելով, դիմեցի լավագույն ռեժիսորներից մեկին՝ Արթուր Մանուկյանին: Նա նաեւ աշխատել է «Եվրատեսիլ»-ի շրջանակում, շատ պրոֆեսիոնալ է: Երգն արդեն պատրաստ էր, ես խորհրդակցեցի նրա հետ տեսահոլովակի նկարահանման հարցերի շուրջ, եւ այդպես ամեն բան ստեղծվեց»:

Ռոշանն արդեն 4-րդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին բանը, որ անում է հասնելով Երեւան՝ Ծիծեռնակաբերդ այցելելն է: 

«Առաջին անգամ, երբ այստեղ էի, աչքերս լցվեցին: Ես քայլում էի դեպի հուշահամալիր, լսում երաժշտությունը, ու նաեւ գիտեի՝ ինչ էր պատահել այս մարդկանց հետ, եւ այո, աչքերիցս արցունքներ հոսեցին: Իսկ երբ այցելեցի ցեղասպանության թանգարան, այնտեղ կարդացի բոլոր գրառումներն ու տեղեկությունները, եւ այդ ամենը ինձ հուզեց»:

Ռոշանն արդեն ունի շատ հայ ընկերներ, փորձում է սովորել հայերեն, սիրում է լսել հայկական երաժշտություն, ասում է՝ հատկապես մեծ ցանկություն ունի համագործակցելու Սիրուշոյի հետ:

«Ես իրականում շատ եմ լսում հայկական երաժշտություն՝ Սիրուշո, Իվետա Մուկուչյան, Լիլիթ Հովհաննիսյան, նաեւ՝ դասական երգեր՝ «Երազ իմ երկիր հայրենի»: Գիտեմ միայն ամենապարզ բառերը՝ «Բարեւ ձեզ», «Ո՞նց ես», «Ես լավ եմ, դու ո՞նց ես…», «Ես Ռոշանն եմ, ես սիրում եմ Հայաստանը»: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE