Դուա Լիպան եւ Դոնաթելլա Վերսաչեն համատեղ հավաքածու կթողարկեն

11:36   5 մայիսի, 2023

Դոնաթելլա Վերսաչեն կթողարկի Versace-ի նոր հավաքածուն, որը մշակվելու է երգչուհի Դուա Լիպայի հետ։ Այն նախատեսվում է ցուցադրել մայիսի 23-ին Կաննում։ Այդ մասին գրում է WWD-ն։

Հավաքածուն կոչվում է La Vacanza: Շոուն չի մտնում Կաննի կինոփառատոնի միջոցառումների պաշտոնական օրացույցի մեջ, որը կանցկացվի մայիսի 16-ից 27-ը: Սակայն այն կկայանա դրա հետ միաժամանակ ֆրանսիական առողջարանային քաղաքում։ Ցուցադրության ստույգ վայրը դեռեւս չի հաղորդվում:

«Ինձ միշտ ոգեշնչել է համաստեղծման գործընթացը: Այս հավաքածուի վրա Դուայի հետ աշխատելը շատ զվարճալի էր, եւ ես սիրում եմ մեր հարաբերությունների դինամիկան: Դուան ուժեղ է, անվախ ու ազատ, իսկ նրա ստեղծագործական տեսլականը բացառիկ է»,- ասել է Վերսաչեն։

Դոնաթելլա Վերսաչեն նշել է, որ ամառային հավաքածուի ցուցադրությունը լինելու է «իսկապես առանձնահատուկ ու ինտիմ»։

«Ես բացարձակապես ուրախ եմ, որ Դոնաթելլայի հետ ստեղծել եմ La Vacanza-ն Versace-ի համար: Նա եւ ես տարիների ընթացքում ձեւավորել ենք շատ ամուր կապ, եւ ես այնքան շնորհակալ եմ այն ​​աջակցության համար, որ ստացել եմ նրանից ու ամբողջ թիմից իմ կարիերայի սկզբից ի վեր: Այն, որ նա ինձ ազատություն տվեց ստեղծել այս հավաքածուն, պարզապես երազանք է»,- կիսվել է երգչուհին։



© NEWS.am STYLE