Վախճանվել է բրիտանական հայտնի դերասան Փիթեր Օ՛Տուլը

23:02   15 դեկտեմբերի, 2013

Կյանքի 81 տարեկանում վախճանվել է իռլանդական արմատներով բրիտանական ճանաչված դերասան Փիթեր Օ՛Տուլը:

Ըստ The Guardian-ի, դերասանի մահվան մասին հայտնել է նրա գործակալ Սթիվ Քենիսը: 1962 թվականին էկրան բարձրացած Լոուրենս Արաբացու մասին ֆիլմում գլխավոր դերով հայտնի Օ՛Տուլը Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է շաբաթ, երկարատեւ հիվանդությունից հետո: 

Փիթեր Օ՛Տուլը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 2-ին, Իռլանդիայում: Թատերական առաջին փորձը 6 տարեկանում էր, տեղական թատրոններից մեկում ներկայացման մեջ փոքրիկ դերով: Իսկ 1955 թվականին նա բեմ է բարձրացել Բրայթոնի թատրոնում:

Դերասանը բազմաթիվ դերեր է խաղացել տարբեր ժանրերի ֆիլմերում: Դրանցից մեկը սովետական հանդիսատեսին հայտնի «Ինչպես մեկ միլիոն գողանալ» ժապավենն է՝ թողարկված 1966 թվականին, որտեղ գլխավոր դերում Օդրի Հեփբերնն է: Սակայն դերասանին համաշխարհային հռչակ բերեց անգլիական լեգենդար լրտես Լոուրենս Արաբացու դերը:

Օ՛Տուլը 8 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի (վերջին անգամ՝ 2008 թվականին), սակայն այդպես էլ չի պարգեւատրվել: Միայն 2003 թվականին ամերիկյան Կինոակադեմիան դերասանին պատվավոր պարգեւ է հանձնել՝ արվեստում նշանակալի ներդրման համար:



© NEWS.am STYLE