Սեռերի պատերազմ. տղամարդ-արու

22:27   16 դեկտեմբերի, 2013

Տղամարդ-արուն հազվագյուտ տեսակ է: Նկատի չունեմ այն պարզունակ էակներին, ովքեր նախամարդու դարաշրջանից հետո շատ քիչ են զարգացել, չնայած նրանց մասին նույնպես կխոսենք:

Սակայն արուների մեջ գոյություն ունի հատուկ տեսակ. վտանգավոր, գրավող, ով հմտորեն գուշակում է կանացի էությունն ու գաղտնի ցանկությունները, սակայն, ցավոք, շատ հազվադեպ է հանդիպում: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Եվ այսպես, պայմանականորեն տղամարդ-արուին կարելի է բաժանել երեք տեսակի…

Արուների առաջին տեսակն ամենից տարածվածն է, ավելի կոնկրետ՝ նույն ինքը՝ նախամարդը: Այդպիսի տղամարդիկ մշտապես ինքնահաստատվում են, նրանց պետք է հենց իրենց ու նաեւ շրջապատին ապացուցել սեփական տղամարդկությունը: Նա սիրում է պարծենալ իր սիրային հաղթանակներով՝ երբեմն այդ անելով շատ կոպիտ կերպով, որպեսզի բոլորին ապացուցի իր «հզորությունն» ու սեռական իմաստով կայացվածությունը: Միաժամանակ, ուշադիր լսում է իր նմաններին, քանի որ վախենում է ավելի վատն ու թույլը երեւալուց:

Նման տղամարդը շատ հաճախ հրապարակայնորեն ցուցադրում է կնոջ հանդեպ իր «ուժն ու իշխանությունը»՝ ձգտելով բոլորին ցույց տալ, որ հենց «ինքն է տան տերը»: Չնայած իրենց «տղամարդկությանը», նման տղամարդիկ անկողնում պարզունակ են եւ, ընդհանուր առմամբ, ոչինչ նորմալ չեն կարողանում անել: Նման դեպքերում սեռական ակտը ձգվում է 3-5 րոպե, ինչից հետո այդ արուն, հոգու խորքում հասկանալով սեփական «պարտության» փաստը, ամեն դեպքում դեմքի «հաղթանակած» արտահայտությամբ նախընտրում է քնել: Նման տղամարդիկ հաճախ են դավաճանում, բայց ոչ թե գեղեցիկ սեռի հանդեպ անսպառ սիրո, այլ սեփական էգոյի պատճառով:

 

Արուների երկրորդ տեսակին ես կոչում եմ «նվեր կնոջը», քանի որ նրանք հենց այդպես են իրենց ընկալում: Նման տղամարդը միշտ խնամված տեսք ունի, մարզված է, ինչպես հարկն է հագնված՝ նորաձեւության միտումներին համապատասխան: Այս տեսակին բնորոշ գծերն են. հանդուգն քմծիծաղով դեմքի ինքնագոհ արտահայտություն, ինքնավստահություն: Եվ, բնականաբար, մշտական ինքնասիրահարվածություն: Այնպիսի զգացողություն է, որ նա անդադար իրեն դիտում է հայելու մեջ՝ եւս մեկ անգամ իր կատարելության մեջ համոզվելու համար: Նա վստահ է, որ իր գոյությունն արդեն «նվեր է կնոջ համար»: Այդ պատճառով էլ նախընտրում է առանձնակի ջանքեր չգործադրել կնոջը նվաճելու համար: Հանուն արդարության հարկ է նկատել, որ տղամարդու այս տեսակը մեծ տարածում ունի կանանց շրջանում, ովքեր այնքան էլ մեծ պահանջներ չունեն տղամարդու մտավոր ունակությունների վերաբերյալ:

 

Եվ, վերջապես, երրորդ տեսակը. իսկական տղամարդ-արու, ում մասին երազում եւ ում ցանկանում է ցանկացած կին: Այդպիսի տղամարդիկ հազվագյուտ են: Նման տղամարդը դեպի իրեն է ձգում բացարձակապես բոլորի հայացքները, բայց ոչ թե արտաքին տվյալների, այլ ներքին զգայունության շնորհիվ, հենց այն տղամարդկության, որը զգալի է բնազդի մակարդակով: Նա կարիք չունի ամբողջ օրը մարզասրահում մարմինը մարզել, նրան անհրաժեշտ չեն բոլորի կողմից ընդունված տղամարդկային ատրիբուտները: Միայն մի հայացքը նրան բավարար է: Նա նայում է թափանցող հայացքով՝ կարծես ներթափանցում է ձեր կանացի էության խորքերը, նա քայլող ֆերոմոն է:

Նման տղամարդու համար կինը խենթանում է, ցանկանում է նրանից երեխաներ ունենալ, պատրաստ է նրան տրվել առաջին իսկ կանչով, նա պատրաստ է նույնիսկ համակերպվել այն մտքին, որ նման տղամարդը երբեք միայն իրեն չի պատկանելու: Նման տղամարդը գիտի կնոջ թույլ տեղերը՝ անգամ մինչեւ կինը ցույց կտա դրանք: Նրա արտաքինը կարող է հակասել տղամարդու գեղեցկության վերաբերյալ ընդունված բոլոր չափանիշներին, սակայն, դրա հետ մեկտեղ, նա սարսափելի գրավիչ է: Իսկական արուն պերճախոս չէ, նա գերադասում է գործել: Հանդիպելով նման տղամարդու՝ կինը կորցնում է մտածելու ունակությունը, նա ինքն էլ վերածվում է էգի, Եվայի ու Լիլիթի՝ միաժամանակ: Նա ցանկանում է լինել Ադամի կողը, իսկ հետո… Հետոն արդեն կարեւոր չէ, եթե անգամ «հետո» նրան սպասվում են դժոխքի բոլոր չարչարանքները…

Լուիզա Սաքունց



© NEWS.am STYLE