Ռոզա Լինի Snap-ը հնչում է բրազիլացի աստղերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալում

10:35   18 մայիսի, 2023

Ռոզա Լինի Snap-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար հիթերից մեկը։ Նրա ճանապարհը եվրատեսիլյան տիրույթից ոչ միայն տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլեւ՝ Լատինական Ամերիկա։ Երգն այսուհետ հնչում է նաեւ բրազիլական նոր՝ «Երկիր եւ կիրք»/Terra e Paixo/ հեռուստանովելում։ Սերիալում նկարահանվում են հեռուստադիտողների շրջանում բավական մեծ ճանաչում վայելող բրազիլացի աստղեր, օրինակ՝ Կայո Ռեյմոնդը, որը հայտնի է «Բրազիլիայի պողոտան» սերիալից, Դեբորա Ֆալաբելան՝ «Կլոն»-ից, Սյուզաննա Վիեյրան, Ռայներ Կադետին եւ այլք։



Հիշեցնենք, որ իր հեղինակած Snap երգով վանաձորցի երգչուհի, երգահան Ռոզա Լինը ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում։ Երգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, բայց չնայած դրան՝ հաղթական է դարձել երգչուհու համար՝ վերածվելով տիկտոկյան հիթի, այնուհետեւ՝ գրավել համաշխարհային երաժշտական հարթակներն ու հիթ շքերթները՝ հայ երգչուհուն բարձրացնելով միջազգային ճանաչման։ Այժմ Ռոզան համագործակցում է ամերիկյան Columbia Records ընկերության հետ․ երգչուհին իր ելույթով բացելու է հայտնի երգիչ Էդ Շիրանի առաջիկա համերգային շրջագայությունը։ 



© NEWS.am STYLE