Մահացել է Ալեն Դելոնի ենթադրյալ որդին

19:38   21 մայիսի, 2023

Ալեն Դելոնի ենթադրյալ որդուն՝ լուսանկարիչ Քրիստիան Ահարոն Բուլոնյեին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Նա 60 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Նշվում է, որ հայտնի դերասանի չճանաչված որդին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ նա տեղափոխվել է բացառապես անվասայլակով։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ լուսանկարչի մարմինը քայքայվել է, քանի որ մահը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան նրան հայտնաբերել են։

Տղամարդուն մահացած է գտել մի կին, որը պետք է խնամեր նրան։ Նրան անմիջապես բերման են ենթարկել ոստիկանություն՝ «վտանգի տակ գտնվող անձին օգնություն չցուցաբերելու համար»։

Քրիստիան Ահարոն Բուլոնյեի մայրը մոդել եւ երգչուհի Քրիստա Պաֆֆեգենն էր, ով ելույթ էր ունենում Նիկո կեղծանունով։ Նա վստահեցրել է, որ հենց Ալեն Դելոնն է եղել իր երեխայի հայրը, սակայն դերասանը հերքել է դա եւ հրաժարվել ԴՆԹ թեստ հանձնել։ Արդյունքում երեխային մեծացրել է դերասանի մայրը՝ Էդիթը։



© NEWS.am STYLE