Հայազգի դերասան Դեյվիդ Հեդիսոնի դուստրը՝ Ալեքսանդրան, եւ նրա «Համառոտ հավերժություն» ցուցահանդեսը

23:20   24 մայիսի, 2023

Տաղանդավոր լուսանկարչուհի Ալեքսանդրա Հեդիսոնը ապրիլի 22-ին Լոս Անջելեսի Von Lintel պատկերասրահում բացել է իր շրջիկ՝ «Համառոտ հավերժություն»  ցուցահանդեսը, գրում է Armenian Mirror Spectator-ը։

Հայազգի դերասան Դեյվիդ Հեդիսոնի դուստրը, որի ընտանիքի իրական ազգանունը Խեդիտյան էր, ստեղծում է գործեր, որոնք եւ՛ էսթետիկ առումով հաճելի են, եւ՛ ինտելեկտուալ:

ABI_039-e1683825144841.jpg (84 KB)

«Համառոտ հավերժություն»-ը Փարիզում արդեն արժանացել է հիացական բուռն ակնարկների: Լուսանկարների այս շարքում Հեդիսոնը օգտագործում է հազվագյուտ մեթոդ, որը կոչվում է քիմիգրամներ, որն առաջինը կիրառել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մորիս Տաբարը եւ Քրիստիան Չադը, ինչպես նաեւ՝ բելգիացի նկարիչ Պիեռ Կորդյեն, ով այս տերմինը հորինել է 1950-ականներին:

Քիմոգրամները չեն պահանջում բնօրինակ պատկերի կամ լուսանկարի մշակում: Փոխարենը, պատկերները ստեղծվում են մութ սենյակում՝ քիմիական նյութերի եւ լույսի միջոցով, երբ դրանք փոխազդում են սեւ եւ սպիտակ լուսանկարչական թղթի հետ:

ABI_053-e1683825173522.jpeg (142 KB)

Ալեքսանդրան օգտագործում է փաթեթավորման համար նախատեսված թափանցիկ ժապավեն, մետաղական թանաք եւ լաք՝ որպես «դիմադրության ձեւեր», նախքան թուղթը քիմիական լվացման միջոցով անցկացնելը: Այնուհետեւ նա տպում է արծաթափայլ մետաղական թանաքով արված պատկերներ, որոնք ի սկզբանե նախատեսված էին քիմիական գործընթացները կանխելու համար, ինչով պայմանավորված էլ լուսանկարիչը մինչեւ վերջին պահը վստահ չէ, թե ինչ գույներ եւ գծեր կհայտնվեն, երբ աշխատանքը դուրս գա մութ սենյակից:

ABI_054-e1683825197942.jpg (116 KB)

Հեդիսոնի կողմից քիմիգրամների օգտագործումն ի սկզբանե պատասխան էր 2020 թվականին COVID-19-ի արգելափակմանը: Դրանով Հեդիսոնը, թերեւս պարադոքսալ կերպով, ֆիքսում է լուսանկարչության բուն էությունը՝ պահը, վայրն ու ժամանակը՝ որքան եզակի, նույնքան՝ կամայական:



© NEWS.am STYLE