Ice Cube. «Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը դեւ է»

11:20   25 մայիսի, 2023

Հետեւելով գրողներին, լուսանկարիչներին եւ նկարիչներին, երաժիշտներն ու երգիչները եւս սկսեցին խոսել արհեստական ​​բանականության դեմ:

Վերջերս BBC-ին տված հարցազրույցում Սթինգը հայտարարել էր, որ «ճակատամարտ» է ընթանում արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված երգերի հանրաճանաչության աճից իրենց ստեղծագործությունները պաշտպանելու համար։ Ամերիկացի ռեփեր Ice Cube-ը եւս այն արտիստներից է, ով իր կարծիքն է հայտնել արհեստական ​​բանականությամբ ստեղծված երգերի վերաբերյալ: Եվ նա չի զսպել դա անելուց.

Full Send-ին տված հարցազրույցում Ice Cube-ը բացատրել է արհեստական ​​ինտելեկտի ստեղծած երգերի հանդեպ իր արհամարհանքը՝ հայտարարելով, որ պատրաստ է դատի տալ բոլորին, ովքեր օգտագործում են իր երգերը դրա միջոցով։

Հարցին, թե ինչ է նա մտածում արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված եւ վերջերս վիրուսային տարածում գտած  «Heart On My Sleeve» թրեքի մասին, որը նմանակում է Տորոնտոյի արտիստներին՝ Դրեյքին եւ The Weeknd-ին, Ice Cube-ը պատասխանել է, որ այդպիսի երգերը «դիվային» է համարում: «Ես չեմ ուզում լսել Դրեյքի երգը, որը ստեղծված է արհեստական բանականությամբ: Ես չեմ ուզում լսել այս անհեթեթությունը: Նա պետք է դատի տա նրան, ով սա է արել»:

Cube-ը պնդել է, որ ցանկացած ոք, ով կօգտագործի արհեստական բանականության կողմից ստեղծված իր ձայնը, կկանգնի իրավական պատասխանատվության առաջ: «Ես դատի կտամ դա արած անպիտանին, մարդկանց ու հարթակին. Ոչ ոք չի կարող վերցնել ձեր ձայնը եւ շահարկել այն առանց վճարելու… Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը դեւ է, եւ կարծում եմ, որ այն կառաջացնի օրգանական մարդկանց բացասական արձագանքը»:



© NEWS.am STYLE