Դիմաշն իր ծննդյան օրը անակնկալ է մատուցել ինքն իրեն ու երկրպագուներին (վիդեո)

20:03   24 մայիսի, 2023

Ղազախ հայտնի երգիչ Դիմաշն այսօր՝ մայիսի 24-ին, նշում է ծննդյան 29-ամյակը։ Ինչպես եւ խոստացել էր, երգիչն իր ծննդյան օրը նվեր մատուցեց թե իրեն, թե աշխարհում իր միլիոնավոր հետեւորդներին։ Դիմաշը ներկայացրել է Omir/Կյանք երգի տեսահոլովակը, որի անոնսն ավելի վաղ տեղադրել էր ինստագրամյան իր էջում։

Լիրիկական այս ստեղծագործությունը երգչի մայրենի լեզվով է, իսկ տեսահոլովակը պատմում է արտիստի անցած ուղու մասին՝ մանկությունից մինչեւ ելույթներ ու աստղային ճանապարհ՝ ներկայացնելով երգչի կյանքից իրական կադրեր։



Հավելենք, որ այս շրջանում ղազախ երգիչն իրականացնում է նաեւ իր համաշխարհային շրջագայությունը, որը կրում է Stranger խորագիրը։ Համերգաշարի առաջին կանգառը Երեւանն էր։ «Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիմաշը, պատասխանելով շրջագայությունը Հայաստանից սկսելու հարցին, նշել էր, որ որոշումը կայացրել է իր թիմի հետ համատեղ քննարկումներից հետո՝ հավելելով, որ հայ եւ ղազախ ժողովուրդների միջեւ մի շարք նմանություններ է նկատել։ «Կարծում եմ՝ ղազախներն ու հայերը միմյանց շատ լավ են հասկանում, քանի որ բնավորության շատ ընդհանուր գծեր ունենք։ Ձեր երկրի մասին շատ եմ կարդացել, դիտել եմ ձեր հրաշալի երաժիշտների համերգները»,-ասել է երաժիշտը, որը սկզբում տարակուսանքի մեջ է եղել՝ կկարողանա՞, արդյոք, համերգին կատարել նաեւ հայերեն երգ, սակայն, ավելի ուշ խոստովանել է՝ լսելով «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ միանգամից սիրահարվել է, մի քանի ժամում սովորել ու այն հանձնել հայ եւ Հայաստան ժամանած իր այլազգի երկրպագուների դատին։ 



© NEWS.am STYLE