17:32 29 մայիսի, 2023Ցավալի լուր Սելին Դիոնի երկրպագուների համար. նախօրեին երգչուհին սոցցանցերում հայտարարել է իր Courage համաշխարհային շրջագայության չեղարկման մասին, որը պետք է սկսվեր օգոստոսի 26-ին Ամստերդամում ելույթով: Պատճառը նյարդաբանական հիվանդությունն է, հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ եւ սպազմ, ինչպես նաեւ ազդում է ձայնալարերի վրա։Սա մի վիճակ է, որն առաջացնում է մկանների անկառավարելի լարվածություն եւ ի վերջո տառապողներին վերածում կենդանի արձանների: Մարմնի կոշտության պատճառով նրանք չեն կարողանում շարժվել եւ նույնիսկ խոսել։
Մեծ հիասթափությամբ մենք պետք է այսօր հայտարարենք Courage համաշխարհային շրջագայության չեղարկման մասին,- գրել է երգչուհին:- Ես շատ եմ ցավում, որ կրկին հիասթափեցնում եմ բոլորիդ: Շատ եմ աշխատում ուժերիս վերականգնման վրա, բայց հյուրախաղերը կարող են շատ դժվար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ դու 100%-ով պատրաստ ես: Ձեր հանդեպ ազնիվ չի լինի շարունակել հետաձգել շոուները, այնպես որ, թեեւ դա կոտրում է իմ սիրտը, ավելի լավ է, եթե մենք ամեն ինչ չեղարկենք հիմա, մինչ այն պահը, երբ ես իսկապես պատրաստ կլինեմ նորից բեմ վերադառնալ: Բայց ես ցանկանում եմ, որ իմանաք՝ ես չեմ հանձնվում...
Հիշեցնենք, որ Դիոնն առաջին անգամ խոսել է իր ախտորոշման մասին, որը հանդիպում է միլիոնից մեկ մարդու մոտ, անցյալ տարվա դեկտեմբերին։ Այնուհետեւ Սելինը, արցունքն աչքերին, ստիպված եղավ հայտարարել իր եվրոպական շրջագայությունը չեղարկելու մասին։