Հորդանանի արքայազն Հուսեյնն ամուսնացել է Սաուդյան Արաբիայից ճարտարապետի հետ

16:44   2 հունիսի, 2023

Ամմանի Զահրան պալատում տեղի է ունեցել Հորդանանի արքայազն Հուսեյնի եւ նրա հարսնացուի՝ Սաուդյան Արաբիայից ճարտարապետ Ռաջվա Ալ Սաիֆի հարսանեկան արարողությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարսնացուն նախընտրել է երկար փեշով սպիտակ զգեստ՝ զարդարված ծաղկային պատկերով ասեղնագործությամբ։ Նրա գլուխը զարդարված էր ադամանդապատ քողը։ Փեսան արարողությանը ներկայացել է զինվորական համազգեստով։

Դեպի տաղավար, որտեղ երիտասարդներն ամուսին եւ կին դառնալու համաձայնություն են տվել՝ համաձայն մահմեդական ավանդույթի, Ռաջվա Ալ-Սաիֆին առաջնորդել է փեսայի կրտսեր եղբայրը՝ Հորդանանի արքայազն Հաշեմը։

Արարողությունից հետո նորապսակները հարսանեկան տոնակատարություններին գնացել են Vintage Range Rover-ով, որը սարքավորվել էր Եղիսաբեթ II թագուհու պահանջներով՝ 1984 թվականին նրա այցի համար: Արքայազն Հուսեյնի եւ Ռաջվա Ալ Սաիֆի հարսանիքի համար մեքենան վերանորոգվել եւ թարմացվել է։

Ամուսնության առթով հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Ալ-Հուսեյնիա պալատում։ Ընդունելությանը հրավիրված են 1700 հյուր, այդ թվում՝ Ուելսի արքայազն եւ արքայադուստր Ուիլյամն ու Քեթրինը, Յորքի արքայադուստր Բեատրիսը ամուսնու՝ Էդոարդո Մապելի Մոզզիի հետ, ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։



© NEWS.am STYLE